Ազգային ժողովն այսօր փակ նիստում կքննարկի ռազմագերիների, պատանդների անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրը։
Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ-հինգերորդն էր պաշտոնական գրությամբ հրատապ թեմայով քննարկում առաջարկել։ Որոշումն ընդունվեց 61 կողմ ձայնով։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին, նախքան քվեարկությունը, նրանք բոյկոտել էին նիստն ու լքեցին դահլիճը։
Հարակից զեկուցողները կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները․ այս որոշումը ևս քվեարկությամբ ընդունվեց։
«Փակ նիստը հետապնդում է մի նպատակ, որպեսզի թաքցնեն իրենց անգործությունը»
Ընդդիմադիր խմբակցություններն անընդունելի են համարում նիստի փակ անցկացումը՝ իշխանություններին մեղադրելով անգործությունը թաքցնելու մեջ։
«Մեզ համար անթույլատրելի է նման նիստի փակ կազմակերպումը, և հասցեատերն այս պահին այդ մարդկանց հարազատներն էին, որոնք այս գերատեսչությունից այն գերատեսչություն են գնում, որպեսզի հարցերի պատասխանները ստանան, իսկ իշխանությունները որոշում են, որ այս նիստը պետք է փակ ընթանա։ Իրականում փակ նիստը հետապնդում է մի նպատակ, որպեսզի թաքցնեն իրենց անգործությունը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով նաև քննարկման նախաձեռնողներից է։
Ընդգծելով հարցի կարևորությունը՝ Գրիգորյանը վերահաստատեց՝ հարցով զբաղվելու են հետևողականորեն, սակայն փակ քննարկումն իրենց համար անընդունելի է։