Ի աջակցություն Միխեիլ Սաակաշվիլիի Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունենում բողոքի բազմամարդ ակցիա։ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիրներն իշխանություններից պահանջում են նախկին նախագահին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ պնդելով, որ կալանավորների համար նախատեսված Գլդանիի հիվանդանոցում քաղաքական գործչի կյանքը վտանգված է։
«Նրան ոչ միայն բժշկական ծառայություն չեն ցուցաբերում, այլ նաև վտանգված է նրա կյանքը», - հայտարարել է ընդդիմադիր գործիչ Զաալ Ուդումաշվիլին։
Հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահը առողջական խնդիրների վատթարացման պատճառով անցած օրերին իր կամքին հակառակ Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Գլդանիի կալանավորների համար նախատեսված հիվանդանոց։ Նա համաձայնել էր դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Երեկ քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, թե Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, «ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ առողջական վիճակի վատթարացում»։