Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ գտնվում է Թբիլիսիի մեղադրյալների և դատապարտվածների հիվանդանոցում, համաձայնել է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոչին և դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։ Այս մասին երեկ հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբանը։
Եվրադատարանը մերժել էր Սաակաշվիլիին մասնավոր կլինիկա տեղափոխելու խնդրանքը՝ միաժամանակ հորդորելով վրացական իշխանություններին հարգել նրա իրավունքները։
Վրաստանի արդարադատության նախարարն արդեն արձագանքել է փաստաբանի հայտարարությանը՝ ասելով, որ Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխի, իսկ հացադուլի ավարտից հետո նրան կվերադարձնեն Ռուսթավիի բանտ։
Սաակաշվիլին ձերբակալվել է ավելի քան մեկ ամիս առաջ և հացադուլ սկսել։ Նոյեմբերի 8-ին Վրաստանի երրորդ նախագահին Ռուսթավիի բանտից տեղափոխել են բանտային հիվանդանոց։