Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, փաստաբանի խոսքով, ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ առողջական վիճակի վատթարացում


Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, կառավարությունը հրաժարվում է նրան տեղափոխել մասնավոր, բազմաֆունկցիոնալ քաղաքացիական հիվանդանոց։

Հոկտեմբերի 1-ին հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահը, որն այժմ գտնվում է Թբիլիսիի Գլդանիի դատապարտյալների հիվանդանոցում, համաձայնել էր դադարեցնել հացադուլը՝ իրեն քաղաքացիական կլինիկա տեղափոխելու պայմանով։

Քաղաքական գործչի փաստաբան Դմիտրիյա Սաձագլիշվիլին այսօր հայտարարել է, որ հացադուլի այս փուլում հայտնվել են անկանխատեսելի իրավիճակում, ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ առողջական վիճակի դրամատիկ վատթարացում. - «Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը։ Արդարադատության նախարարությունից և քրեակատարողական հիմնարկից մենք չենք ստացել պաշտոնական պատասխան, թե ի՞նչ են մտադիր նրանք անել։ Պատրաստվո՞ւմ են արդյոք Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել թիվ 18 հիմնարկից, որը հիվանդանոց չի համարվում։ Ինքը Սաակաշվիլին նշել է, որ նույնիսկ Ռուսթավիի №12 հիմնարկում բժշկական ծառայությունն ավելի լավ էր»։

Պաշտպանի պնդմամբ՝ Սաակաշվիլիին Ռուսթավիից Գլդանի տեղափոխելու նպատակը ոչ թե նրա առողջական վիճակը կայունացնելն է, այլ «որպեսզի նրա նկատմամբ հոգեբանական տեռոր իրականացվի, որպեսզի նա անմարդկային վերաբերմունքի զոհ դառնա»։ Սաձագլիշվիլիի խոսքերով՝ Սաակաշվիլին տկար է, նրան այսօր առաջարկել են ներարկում անել, սակայն նախկին նախագահը հրաժարվել է։

Վրաստանի նախկին առաջնորդին բանտից քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց տեղափոխումը, որը նրա փաստաբանների պնդմամբ, ուղեկցվել է բռնություններով, կոշտ քննադատություն է հարուցել ինչպես երկրի ներսում, այնպես էլ պաշտոնական Թբիլիսիի միջազգային գործընկերների շրջանում։

Կրքերն էլ ավելի են բորբոքվել, երբ կառավարությունը Սաակաշվիլիին բանտից հիվանդանոց տեղափոխության մասին սկանդալային տեսանյութ հրապարակեց: Այդ տեսանյութի առաջին հատվածում հանրությունը դիտեց, թե ինչպես են Վրաստանի երրորդ նախագահին կիսամերկ քարշ տալիս դեպի հիվանդասենյակ։ Երկրորդ դրվագում էլ քաղաքական գործիչը հրաժարվում է իջնել շտապօգնության մեքենայից, լսվում են նրա հայհոյանքները շտապօգնության աշխատակիցների հասցեին։

«Դուք բռնապետի ծառաներն եք», «դու Պուտինի ստրուկն ես», «դուք Պուտինի հրամանն եք կատարում», «իվանիշվիլիի թուլա», «վերադարձրեք ինձ Ռուսթավիի բանտ», ասում է Սաակաշվիլին։ Ի պատասխան շտապօգնության աշխատակիցներից մեկն արձագանքում է․ «Ոչ ոք թույլ չի տա, որ դուք մահանաք»։

«Քաղաքական վրեժխնդրություն»՝ արձագանքել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Միջազգային գործընկերները, այդ թվում՝ Բրյուսելից, պաշտոնական Թբիլիսին նախազգուշացնում են՝ Սաակաշվիլիի ձերբակալությունը վնասում է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող երկրի վարկանիշին։ Վրաստանի նախկին նախագահի կալանքն ու դրան հաջորդած իրադարձությունները դիվանագիտական լարվածություն են առաջացրել հատկապես Թբիլիսիի և Կիևի հարաբերություներում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունը երկու անգամ պաշտոնական բողոքի նոտա հղել Թբիլիսիին՝ Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կապակցությամբ։ Նախօրեին էլ նախագահ Վլադիմիր Զելենսկին է անձամբ միջամտել գործընթացին։ Ուկրաինայի առաջնորդը հեռախոսազրույց է ունեցել Վրաստան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և ընդգծել, որ Ուկրաինայի քաղաքացու իրավունքները «պետք է ամբողջությամբ երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան»։

Թվիթերյան գրառմամբ Զելենսկին հայտնել է, որ Վրաստանի առաջնորդին հորդորել է թույլատրել Սաակաշվիլիի տեսակցությունը մոր, մերձավորների, ինչպես նաև ուկրաինացի բժիշկների հետ։

Թբիլիսիի կոշտ արձագանքը չուշացավ․ Ուկրաինայի միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է, Սաակաշվիլին ապահով ձեռքերում է։ Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի հետ զրույցում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տեղեկացրել է, որ կալանավոր Սաակաշվիլին մյուս կալանավորների պես առաջին օրվանից ստանում է համապատասխան շուրջօրյա բժշկական օգնություն։ Վրաստանի վարչապետը հավաստիացրել է, որ Սաակաշվիլիին այցելում են ինչպես նրա փաստաբանները, այնպես էլ ընտանիքի անդամները, վրացի պատգամավորները: Կալանվորման օրվանից ի վեր նա ունեցել է ավելի քան հարյուր այցելու, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։

Վրաստանի պաշտոնաթող նախագահը հայրենիք է վերադարձել ութամյա բացակայությունից հետ։ Այդ տարիներին նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել և երկու գործով դատարանը նրան հեռակա ազատազրկման է դատապարտել ինը տարի ժամկետով։ Միջազգային հետախուզման մեջ գտնվելով Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժն առաջնորդող Սաակաշվիլին ժամանելուն պես ձերբակալվել է, շաբաթներ անց նրա դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածով։

Դատարանը Վրաստանը 9 տարի ղեկավարած Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել սպանության համար ազատազրկման դատապարտված ոստիկանության նախկին աշխատակիցներին համաներում շնորհելու, ինչպես նաև նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության փակման գործերով, ինչպես նաև պետբյուջեի միջոցների վատնման քրեական գործերով դատավճիռներ դեռ չեն կայացվել։

Ինքը նախկին նախագահը՝ կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Նրա աջակիցները ամենօրյա դարձած բազմամարդ բողոքի ակցիաներով իշխանություններից պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հեղափոխական առաջնորդի նկատմամբ և ազատ արձակել նրան։

XS
SM
MD
LG