Մատչելիության հղումներ

Արտիս Պաբրիկս. «ԵՄ սահմանների մոտ փախստականների կուտակումը «հիբրիդային պատերազմ» է, այլ ոչ թե ճգնաժամ»


Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը, Ռիգա, արխիվ
Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը, Ռիգա, արխիվ

Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսն այսօր հայտարարել է, որ Եվրոպական միության սահմանների մոտ ապօրինի փախստականների կուտակումը «հիբրիդային պատերազմ» է, այլ ոչ թե մարդասիրական ճգնաժամ:

«Դա Մինսկի կողմից ծրագրված էր հենց որպես «հիբրիդային պատերազմ», ի սկզբանե այդպես էր»,- ասել է Պաբրիկսը Լատվիայի ռադիոյի թղթակցին:

Նրա համոզմամբ, Բալթյան երկրները և Լեհաստանը ոչ մի դեպքում չպետք է ընդունեն այդ փախստականներին, որոնց դեպի Եվրամիության սահմաններ է ուղղորդում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը:

Սահմանի մոտ են տեղակայվել Լեհաստանի բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ: Շաբաթներ առաջ փախստականների խմբերը փորձել են Բելառուսից անցնել նաև Լիտվայի տարածք:

Լեհաստանի հատուկ ծառայությունների փոխանցմամբ, այսօրվա դրությամբ Բելառուսի տարածքում գտնվում է մոտ 15 հազար փախստական, նրանցից 2-ից 4 հազարը հայտնվել են անմիջապես Լեհաստանի սահմանի մոտակայքում:

Եվրամիությունը հայտարարում է, որ Բելառուսի կառավարությունը միտումնավոր է փախստականներին ուղղորդում դեպի Եվրամիության սահմաններ, փորձելով այդպես թե՛ վրեժ լուծել սահմանված պատժամիջոցների համար և թե՛ լարվածություն առաջացնել եվրոպական երկրների հարաբերություններում:

Ըստ եվրոպացի գործիչների, սահմաններին կուտակված փախստականները Մինսկի ծրագրած անմարդկային քաղաքականության զոհերն են:

XS
SM
MD
LG