Հարյուրավոր միգրանտներ մնում են Լեհաստանի սահմանի մոտ, ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Երեկ Լեհաստանի իշխանությունները շարունակել են ամրապնդել սահմանը․ նոյեմբերի 8-ին բելառուսական կողմում հավաքված միգրանտները փորձել էին ճեղքել փշալարը։
Արևմուտքը վստահ է՝ Բելառուսի նախագահի որոշմամբ հազարավոր փախստականներ Իրանից, Իրաքից և Սիրիայից կազմակերպված բերվել են սահման, որպեսզի հետո դուրս մղվեն Եվրամիության տարածք։
Բրյուսելը քննարկում է նոր պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ անօրինական ներգաղթյալների տեղափոխման մեջ կասկածվող ավիաընկերությունների նկատմամբ։
Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է. - «Մենք պետք է ընդլայնենք բելառուսական ռեժիմի դեմ պատժամիջոցները»։ Դանա Սփինանթի խոսքով՝ ուսումնասիրվում է նաև երրորդ երկրների ավիաընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, որոնք ապօրինի ճանապարհով միգրանտների են տեղափոխում։
Բրյուսելը դեռ չի հրապարակել պատժամիջոցների ենթակա ավիափոխադրողների ցանկը, սակայն տեղեկություններ կան, որ բելառուսական «Բելավիա» պետական ավիացիոն ընկերությունն առաջիններից կլինի։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մինչդեռ, պնդում է, որ փախստականների տարանցումն իրականացնում է ինչ-որ «եվրոպական մաֆիոզ կառույց»։ Նա զգուշացրել է Լեհաստանին՝ խուսափել սադրանքներից: Սահմանին և՛ Վարշավան, և՛ Մինսկը զորքեր են կուտակել: