Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ


Ֆրանսիայի և Հայաստանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, Փարիզ, 10-ը նոյեմբերի, 2021թ․
Ֆրանսիայի և Հայաստանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, Փարիզ, 10-ը նոյեմբերի, 2021թ․

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել, այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում», - նշել է գերատեսչությունը՝ հավելելով․ - «Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։

Լը Դրիանն ընդգծել է նաև, որ «Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին այս նպատակին հասնելու համար»։ Նախարարը հաստատել է գործընկերների հետ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցություններ են կայացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

XS
SM
MD
LG