Մատչելիության հղումներ

Reuters. Բելառուսի արտգործնախարարը կարող է հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների թիրախում


Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ

Եվրամիությունը քննարկում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը։ Այս մասին Reuters գործակալությանը փոխանցել են ԵՄ ղեկավար մարմիններին մոտ կանգնած աղբյուրները՝ նշելով, որ հնարավոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, ինչպես նաև երկրի ազգային ավիափոխադրող «Բելավիա» ընկերությունը։

Ընդհանուր առմամբ պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել Բելառուսի մոտ երեք տասնյակ քաղաքացիներ և կազմակերպություններ։

Նոր պատժամիջոցների պատճառը Բելառուսի և Եվրամիության սահմանների մոտ ծագած միգրացիոն ճգնաժամն է, որը Բրյուսելում արհեստածին են որակում։ ԵՄ պաշտոնյաների համոզմամբ՝ Մինսկը միտումնավոր կերպով հազարավոր անօրինական ներգաղթյալների է կուտակում Լեհաստանի և Լիտվայի սահմանների երկայնքով՝ խրախուսելով նաև սահմանախախտման փորձերը։ Reuters-ի հետ զրույցում ԵՄ ներկայացուցիչները Լուկաշենկոյի վարչակազմի որդեգրած գործողությունները որակել են որպես «հիբրիդային պատերազմ» և «մաֆիոզ ոճի մարտավարություն»։

ԵՄ ներկայացուցիչները նաև պնդում են, որ Մերձավոր Արևելքից ներգաղթյալների տեղափոխմանը Բելառուս նպաստում են երրորդ երկրների ավիաընկերությունները։ Խոսքը մասնավորաբար «Թուրքական ավիաուղիների» մասին է։ Թուրքիայի ազգային ավիափոխադրող ընկերությունը, սակայն, երեկ տարածած հայտարարության մեջ կտրականապես հերքել է ներկայացվող մեղադրանքները։ «Մամուլում շրջանառվող մեղադրանքներն ամբողջությամբ հիմնազուրկ են», - նշված է ընկերության հայտարարությունում։

XS
SM
MD
LG