Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Թուրքիան իրականում չի ցանկանում․ թուրքագետ


Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Թուրքիան իրականում չի ցանկանում, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիան պատրաստ կլինի դա անել, եթե Երևանն ընդունի Անկարայի նախապայմանները, պահանջները, շեշտեց թուրքագետը։

«Ինչպես գիտեք դրանք երեքն էին, հիմա ավելացավ նաև չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Եթե Հայաստանն ընդունի այդ չորս նախապայմանները, Թուրքիան գուցե և գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, եթե ոչ, կարծում եմ, որ Թուրքիան չի համաձայնի հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորել, և քանի դեռ այս նախապայմանները մնում են, իմ կարծիքով, սպասել, որ Թուրքիայի հետ կարելի է նորմալ երկխոսություն հաստատել, ուղղակի իմաստ չունի», - ասաց Սաֆրաստյանը։

Վերջին շրջանում Հայաստանն ու Թուրքիան պարբերաբար հայտարարում են հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակների առկայության մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմանները բարենպաստ են ավելի, քան երբևէ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։

Թուրքիայի նախագահը նույնիսկ տեղեկացրել է, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպելու առաջարկ է արել իրեն, ի պատասխան կրկին խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, ու պնդել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։

Թեև պաշտոնական Երևանը դեռ որևէ հայտարարություն չի արել Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հնարավոր հանդիպման մասին, սակայն բազմիցս վերահաստատել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»։ Հայաստանի արտգործնախարարը երեկ ևս ասաց, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում։

Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Հայաստանի վրա ճնշում գործադրելով հասնել նրան, որ Հայաստանը գնա զիջումների, և եթե Հայաստանը չանի դա, Թուրքիան հարաբերություններ չի հաստատի։

Հարցին, թե դրությունը չի՞ փոխվել, 20 տարի առաջ Թուրքիայի դրած նախապայմանները հիմա, անկախ Հայաստանի կամքից, կատարվել են՝ Ադրբեջանը ստացել է 7 շրջանները, Սաֆրաստյանը պատասխանեց․ - «Գիտեք, բացի դրանից այստեղ նաև նախապայմանների մեջ, որ կապված է Արցախի հետ, շատ կարևոր խնդիր կա ու ամենակարևորը հավանական է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Այն, որ ասվում է կարգավիճակի խնդիր, սա է։ Ես համոզված եմ, որ Հայաստանն այդ ճանապարհով չի գնա»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG