Մատչելիության հղումներ

Վարչապետի աշխատակազմը դեռևս չի հստակեցնում, թե արդյոք Ղարիբաշվիլիի այցի ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները


Այսօր Բաթումիում Վրաստանի վարչապետի այն հայտարարության ֆոնին, թե Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պաշտոնական Երևանը շարունակում է լռություն պահպանել, թե արդյոք Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հոկտեմբերի 9-ի հայաստանյան այցի ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան, կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հունիսին արդեն ունեցել ենք միջնորդության հաջող նախադեպ, երբ իմ անմիջական ջանքերի, և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնությամբ մեզ հաջողվեց ազատել գերիներին, ինչպես նաև ականապատման քարտեզները հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ: Քննարկման հիմնական թեմաներից էր մեր համագործակցությունը տարածաշրջանում՝ տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանը ակտիվ միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև», - ըստ վրացական լրատվամիջոցների, այսօր Բաթումիում մասնավորապես հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Մոտ երկու շաբաթ առաջ Ղարիբաշվիլին Բաքվում էր, իսկ երկու օր առաջ՝ Երևանում։ Նրա հայաստանյան այցը անցավ հնարավորինս փակ ձևաչափով. երկու կողմն էլ բավարարվեցին սոսկ պաշտոնական՝ կարճ հաղորդագրություններով, վարչապետերը մամուլի համար հանդես չեկան հայտարարություններով, ասուլիս նույնպես չկազմակերպվեց, թեև նման բարձրաստիճան այցերի արդյունքում, սովորաբար, հնչում են հայտարարություններ կամ տեղի է ունենում կարճատև հարցուպատասխան։

Այսքանով հանդերձ, ուշագրավ տարբերություններ կան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարների մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրությունների մեջ։

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության. - «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»։

Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը մանրամասներ է հայտնում. - «Կողմերը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ՄԱԿ-ում հնչեցրած Հարավային Կովկասի համար նախատեսված Խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը նախատեսված է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում։ Հանդիպմանը ընդգծվել է, որ խաղաղության նոր ձևաչափը կնպաստի խաղաղ հարևանության նախաձեռնության շուրջ քննարկումների անցկացմանը, ուր կներգրավվեն Հարավային Կովկասի երկրները՝ միջազգային գործընկերների հետ միասին»։

Ամիսներ տևած դադարից հետո այս հունիսին նաև Վրաստանի միջնորդական ջանքերի արդյունքում էր, որ հաջողվեց Ադրբեջանից վերադարձնել հայաստանցի 15 ռազմագերիների, որից հետո ևս 15 գերի ազատ արձակվեց արդեն Ռուսաստանի միջնորդությամբ։

Պաշտոնական Թբիլիսիի միջնորդական ջանքերի մասին վերջերս խոսք եղավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-ի հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։

Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։

«Ազատությունը» դիմեց Հայաստանի և Վրաստանի վարչապետերի լրատվական ծառայություններ՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություն հայտնել Երևանում կայացած Փաշինյան-Ղարիբաշվիլի բանակցություններից, մասնավորապես՝ արդյո՞ք քննարկվել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Երկու տեղից հրաժարվեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Գրավոր հարցում ենք ուղարկել նաև Թուրքիայի նախագահի լրատվական ծառայություն, թե նախապատրաստվո՞ւմ է Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Պատասխան դեռ չունենք։

Ալեքսանդր Իսկանդարյան
Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, վերջին շրջանում նկատելի է Վրաստանի միջնորդական առաքելությունը, թեև, օրինակ, Ադրբեջանի հետ Հայաստանը բանակցում է հիմնականում Ռուսաստանի միջնորդությամբ. - «Հայաստանի կառավարության համար, հավանաբար, իմաստալից կլինի օգտվել Վրաստանի առաջարկած միջնորդական հնարավորությունից՝ եթե ընդհանրապես նման բանակցություններ վարելու նպատակ կա։ Թե իրականում որքանով են այդ շփումները լուրջ և կարող են ինչ-որ արդյունքի հանգեցնել, այս պահին դժվար է ասել, որովհետև այդ մասին տեղյակ են ընդամենը մի քանի հոգի։ Սակայն կարող է ճիշտ լինել, որ Վրաստանի միջոցով նման շփումներ են իրականացվում։ Ես կասեի՝ այն կարող է ճիշտ լինել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG