Մատչելիության հղումներ

«Բավական է դաժան վերաբերվենք կենսաբազմազանությանը». Գուտերեշը` Գլազգոյում


Եթե այսօր կլիմայական փոփոխությունների դեմ լրջորեն գործի չանցնենք, մեր երեխաների համար վաղն արդեն շատ ուշ կլինի որևէ բան փոխել, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանն ասել է ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Նրանք կիմանան, որ Գլազգոն այն պատմական շրջադարձային կետն էր, որտեղ պատմությունը չկարողացավ շրջադարձ կատարել», - նշել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շեշտել է, որ կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը մղում է դեպի եզրագիծ: «Մենք սուր երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ մենք կանգնեցնում ենք այն, կամ այն կկանգնեցնի մեզ: Ժամանակն է ասել՝ բավական է: Բավական է դաժան վերաբերվենք կենսաբազմազանությանը»:

Վերջին տասնամյակում շուրջ 4 մլրդ մարդ է տուժել կլիմայական աղետների հետևանքով:

Նա կոչ է արել զարգացող երկրներին ստեղծել անհրաժեշտ ֆինանսական ու տեխնոլոգիական պայմաններ՝ ակտիվացնելու դեկարբոնիզացիան և փուլային ճանապարհով հրաժարվելու ածխից:

Գլազգոյում կարևորվել է արագ անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմանը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությանն արձագանքելու նախաձեռնություններում հարկ է առաջնային կարևորություն տալ կանաչ մատակարարման շղթաներին ու կայուն զարգացմանը:

Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վաղը նախատեսված է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը:

ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 2021 թվականի համաժողովը, որը հայտնի է նաև COP26 կամ Գլազգոյի համաժողով անուններով, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովն է, որին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի մայիսին:

Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումն է 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:

XS
SM
MD
LG