Նախ դեօկուպացիա, հետո դելիմիտացիա. պաշտոնական Թբիլիսին բացառում է Աբխազիայի և Հարավայի Օսիայի փաստացի սահմանների սահմանազատումը:
«Մեր պետությունը պետք է ավարտին հասցնի Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, և դա, իհարկե, տեղի կունենա Վրաստանի միասնական սահմանների շրջանակներում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ի պատասխան Մոսկվայից հնչող առաջարկին։
Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկ էր արել Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Ժնևյան քննարկումների հերթական փուլի արդյունքներով։
«Հարցի միակ լուծումը վրացական տարածքների դեօկուպացիան է»,- հայտարարել է Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունը` ապօրինի և անընդունելի որակելով Մոսկվայի առաջարկը։
Վրաստանն իր չորս հարևաններից հստակ սահմանագիծ ունի Հայաստանի և Թուրքիայի հետ, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ վեճերը անկախացումից ի վեր շարունակվում են։ Գործընթացը ավարտին հասցնելու վերաբերյալ Ռուսաստանից հնչող կոչերի ֆոնին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամիսներ առաջ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների դեմարկացիայի գծով Կրեմլի հատուկ բանագնաց նշանակեց։
Չթաքցնելով մտահոգությունը` Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, թե այդ քայլով Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ամրագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի անջատումը՝ անտեսելով այն հանգամանքը, որ միջազգային հանրության համար այդ երկու հանրապետությունների և Ռուսաստանի սահմանները իրականում վրաց-ռուսական պետական սահմանի երկու հատվածներն են։