Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել։ Ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր, «Ազատությանը» փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին առաջացած տարածքներից:
Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, ՊՆ-ից չեն հայտնում:
«Ազատության» տեղեկություններով` նախօրեին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում 6 ժամից ավելի տևած բանակցություններին հայկական կողմից մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության և Զինված ուժերի ներկայացուցիչներ, նաև ռուս բարձրաստիճան զինվորականներ:
Հիշեցնենք, նախորդ երկու օրերին պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու և Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, ինչպես նաև Սիսիան քաղաքի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղություններով առաջխաղացման մասին։
Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանը դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է։
Միաժամանակ, ադրբեջանական կողմի հետ բանակցություններ էին ընթանում՝ Հայաստանի տարածքները լքելու պահանջով։