Մատչելիության հղումներ

The Economist․ Եվրոպացի սպառողները կարող են փոխարինել ռուսական գազը ադրբեջանականով


The Economist-ը խմբագրականում գրում է, թե եվրոպացի սպառողները կարող են փոխարինել ռուսական գազը ադրբեջանականով։ Սա, իհարկե, գազի դեֆիցիտի և ռեկորդային բարձր գների հարցը Եվրոպայում չի կարող լուծել, սակայն ցույց է տալիս, որ Ադրբեջանն այսօր դիտվում է որպես այլընտրանք Ռուսաստանին։

Եվրոպային դաժան ձմեռ է սպասում։ Բնական գազի գինը շարունակում է բարձր մնալ ամբողջ աշխարհամասում՝ հազար դոլարին մոտ խորանարդ մետրի համար, և եվորապական կառավարությունները ջանքեր են գործադրում գազի դեֆիցիտը լրացնելու համար:

Եվրոպայում գազի խոշորագույն մատակարար Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել, սակայն որոշ քննադատներ ասում են, որ Կրեմլը ռուսական գազի պահանջարկն օգտագործում է եվրոպական կառավարությունների վրա քաղաքական ճնշման համար։ Մոսկվան այս ֆոնին հայտարարում է, թե կարող է հաջորդ ամիս Եվրոպա ավելի շատ գազ ուղարկել։

Հարցն այն չէ, որ չկան գազի այլ աղբյուրներ։ Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, օրինակ, լցված են բնական գազով: Խնդիրն այն է, որ ասիական արագ աճող տնտեսություններին է այսօր բաժին հասնում գազի գրեթե երկու երրորդը, աճում է գազի պահանջարկը նաև Լատինական Ամերիկայում և հենց Մերձավոր Արևելքում։ Այսինքն Եվրոպան այսօր շուկաներից մեկն է և ստիպված է մրցակցության մեջ մտնել մյուս տարածաշրջանների հետ գազ ստանալու համար, ինչով էլ այսօր պայմանավորված է գազի ռեկորդային բարձր գինը։

Հրատարակությունը նշում է, որ հեղուկ բնական գազի շուկայում Եվրոպան ստիպված է մրցակցել Ասիայի հետ լրացուցիչ մատակարարումների համար։ Ասիական երկրներին բաժին է ընկնում այդ գազի ներմուծման մինչև 75 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից հեղուկ գազը չափազանց թանկ է, գնի իջեցման համար կպահանջվեն զգալի ներդրումներ ամերիկյան արդյունահանող արդյունաբերության մեջ։

Էներգետիկ այս ճգնաժամը հերթական անգամ բացահայտեց Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից: Ի՞նչ է անհրաժեշտ ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու համար։ The Economist-ի հեղինակը փորձում է պատասխանել հարցին և գրում է, որ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար կարելի է ավելի շատ գազ գնել Ադրբեջանից Հարավային գազատարով։

«Հարավային գազային միջանցքով» եվրոպական երկրներ մատակարարվող վառելիքը Ադրբեջանից մինչև 10 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ կարող է փոխարինել ռուսական գազը», - գրում է պարբերականը, հավելելով՝ սա, սակայն, պահանջվող գազի միայն չնչին մասն է։ «Այնուամենայնիվ, սա բավարար չէ ամբողջ Եվրոպային վառելիք ապահովելու համար։ Ռուսական գազի ամբողջական մերժումը չափազանց հավակնոտ նախաձեռնություն է, նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում», - եզրափակում է The Economist-ը:

Մինչդեռ Մոսկվան հայտարարում է, թե «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումից հետո, որի դեմ պայքարում է Միացալ Նահանգները, Ռուսաստանը կարող է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա։

XS
SM
MD
LG