Մոլդովան էներգետիկ ճգնաժամը մեղմելու նպատակով նիդերլանդական Vitol ընկերությունից ձեռք կբերի մեկ միլիոն խորանարդ մետր գազ։ Vitol-ը գազի մատակարարումները սկսում է հենց այսօրվանից, գինը, սակայն, չի հրապարակվում։
Քիշնևը միևնույն ժամանակ շարունակում է բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ՝ փորձելու հասնել «արդար» գնի, հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։
Ռուսաստանյան գազային հսկան անցած շաբաթավերջին հայտարարել է, թե կարող է ամբողջությամբ հրաժարվել Մոլդովային գազ մատակարարելուց, եթե երկիրը չմարի 433 միլիոն դոլարի պարտքը, որը ուշացման պատճառով հասել է 709 միլիոն դոլարի, և չպայմանավորվի նոր համաձայնագրի պայմանների շուրջ։
Երկօրյա բանակցությունները նախօրեին ավարտվել էին առանց արդյունքների, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը Մոլդովային առաջարկել է 25 տոկոսանոց զեղչ, սակայն մոլդովական կողմը 50 տոկոս զեղչ է պահանջում՝ պատճառաբանելով միջոցների սղությունը։
«Մոլդովայի Հանրապետությունը չի կարող համաձայնել գազի համար վճարել ավելի բարձր գին, քան տարածաշրջանի մյուս պետություններն են վճարում», - հայտարարել է փոխվարչապետ Սպինուն։
Ավելի վաղ գազի դեֆիցիտի պատճառով երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։