Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն օր օրի ավելանում են, առողջապահական համակարգը ծանրաբեռնված է


Հայաստանում վերջին շաբաթներին կորոնավիրուսի նոր դեպքերի շեշտակի ավելացման հետևանքով առողջապահական համակարգը հայտնվել է գերծանրաբեռնված վիճակում. անցած մեկ օրում միայն ավելի քան 2600 նոր դեպք է հաստատվել, ամեն օր մի քանի տասնյակ մարդ է մահանում վիրուսից, այս պահին մոտ 800 մարդ սպասում է հոսպիտալացման իր հերթին։

Հիվանդների վիճակի գնահատման ու ուղղորդման երևանյան տրիաժ կենտրոնում հեռախոսները չեն լռում, օրական հարյուրավոր կանչեր են ստանում։ Քովիդով հիվանդներին սպասարկող բոլոր բրիգադները գործի մեջ են։

Թթվածնի կարիք ունեցող ու չհոսպիտալացված հիվանդներին տանը օգնության են հասնում շտապ օգնության բրիգադները, որոնք թթվածնի բալոններ են տրամադրում մարդկանց, մինչև հիվանդանոցներում տեղ ազատվի։

«Գիշերներն էլ են զանգում, ցերեկներն էլ են զանգում ժողովուրդը, մարդիկ տների մեջ խեղդվում են, միակ օգնող ուժը մենք ենք», - ասաց Շտապ օգնության աշխատակիցներից մեկը։

Շտապ օգնության բրիգադը այսօր «Ազատության» նկարահանման պահին տարեց կնոջ հիվանդանոց հասցրեց, ըստ բժիշկների, վիճակը ծանր է՝ թոքաբորբ ունի, արյան մեջ թթվածնի մակարդակն էլ ցածր էր։

Բժիշկները դեռ մի ամբողջ օր պիտի աշխատեին, հաջորդիվ բազմաթիվ այլ կանչեր են, տեսախցիկի այն կողմում էլ վարորդն էր հուզվում՝ օրերս ծանր վիճակում գտնվող 2 ամսական երեխայի էր տեղափոխել։

Առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությանը զուգահեռ հայաստանցիների դեռ 20 տոկոսն էլ չի պատվաստվել, իսկ փակ վայրերում, օրինակ, հանրային տրանսպորտում կամ առևտրի կենտրոններում քչերն են դիմակ կրում։

XS
SM
MD
LG