Այս տարվա առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայաստանցի: Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Պաշտոնական վիճակագրությամբ` ընդհանուր առմամբ Հայաստանը բացարձակ թվերով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների շարքում` Ուկրաինայից, Ղազախստանից և Տաջիկստանից հետո: Սեփական բնակչության և Ռուսաստանի քաղաքացիություն ստացածների համեմատությամբ, այնուամենայնիվ, Հայաստանն առաջինն է բոլոր երկրների շարքում:
Անկախությունից հետո մշտապես առկա տնտեսական խնդիրներին հիմա ավելացել են հետպատերազմյան մտահոգությունները, ասում է միգրացիայի հարցերով փաստաբան, ԱՌՄՌՈՍՏ փաստաբանների հայ-ռուսական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը. «Խնդիրը նրանում է, որ այսօր Հայաստանում կա հետպատերազմյան դեպրեսիվ իրավիճակ, որն, իհարկե, ճնշում է մարդկանց ամենօրյա կյանքի վրա, և դժբախտաբար շատերը որոշում են կայացնում իրենց համար ժամանակավոր գոնե տեղափոխվել Ռուսաստան, քանի որ նույնիսկ պարզ չի` հիմա ինչ հորիզոններ կբացվեն տարածաշրջանում ընդհանրապես մոտակա ժամանակները: Շատ դեպքերում այդ որոշումը դժվար են ընդունում, բայց տենդենց կա, որ եկողները մնում են այստեղ», - ասաց նա:
Չնայած կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումներին` այս տարի ավելացել է Ռուսաստանում միգրացիոն ծառայությունում հաշվառման կանգնած հայաստանցիների թիվը, որոնք ՌԴ-ում օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց են սկսել: Այս տարվա առաջին 6 ամիսներին այդօրինակ 300 հազար հայաստանցի է գրանցվել, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 200 հազարի էլ չէր հասնում:
Այլ կերպ ասած` այս տարվա առաջին կեսի դրությամբ Հայաստանի բնակիչների10 տոկոսը հաշվառման է կանգնած Ռուսաստանում: Ընդ որում, խոսքը բացառապես օրինական միգրանտների մասին է, քիչ չեն նրանք, ովքեր Ռուսաստանում ապրում և աշխատում են` չունենալով որևէ օրինական կարգավիճակ:
Միգրացիայի այս ռեկորդային տվյալներին նպաստում է նաև ոլորտում տեղի իշխանությունների վարած քաղաքականությունը, որի արդյունքում օտարերկրացիները հիմա շատ ավելի հեշտ ու արագ են երկրում կարգավիճակ ստանում:
«Ռուսաստանի օրենսդրությունը այսօր լիբերալիզացրել է և հեշտացրել է այստեղ լեգալիզացման կարգը, քանի որ այստեղ կան դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ, և Ռուսաստանը շահագրգռված է այսօր ընդունել օտար պետության քաղաքացիներին, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին, որոնք գտնվում են պայմանական ասած` մի մշակութային, մի լեզվական, խորհրդային հիշողությունը դեռ շատերի մոտ գենետիկ մնացել է, և այդ մեխանիզմն այսօր այստեղ աշխատում է: Միգրացիոն ծառայությունն էլ է ավելի հեշտացրել իր աշխատանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Կիրակոսյանը:
Փաստաբանը նկատեց` եթե տարիներ առաջ` թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո շատերն էին խոսում Հայաստան վերադառնալու մասին, ապա հիմա` հատկապես պատերազմից հետո նման միտում չի նկատվում:
«Վիճակագրությունը այնպես է հիմա, որ արտագաղթի քանակը աճել է, մենք այստեղ ֆիքսում ենք այդ փաստը մեր կիրառական աշխատանքի մեջ: Եվ քանի որ կան սոցիալական դժվարություններ, շատերը աշխատանքային դժվարություններ ունեն Հայաստանում, և հիմնական մասը, որ գալիս է այստեղ, դժվար է ընդունում որոշում վերադառնալու վերաբերյալ», - նշեց նա:
Ռուսաստանի հայերը դաշնության քաղաքացիություն ստանալուց հետո, որպես կանոն, Հայաստանի քաղաքացիությունից չեն հրաժարվում: Ռուսական օրենքները դա այսօր թույլ են տալիս:
«Հայաստանի քաղաքացիների, այսպես ասած, ազգասիրական դրդումները բոլոր դեպքերում միշտ կան, նրանք երբեք չեն որոշում ընդմիշտ լքել Հայաստանը, և նրանք, որ նույնիսկ ընդունում են ՌԴ քաղաքացիություն, ես չգիտեմ դեպք, որ ինչ-որ մեկը հրաժարվի Հայաստանի քաղաքացիությունից, երկքաղաքացիության կարգավիճակը նորմ է, Ռուսաստանն էլ է դա ընդունել օրինական կարգով, որ դա այսպես է», - ասաց փաստաբանը։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը արտագաղթի այս ծավալները Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար լուրջ վտանգ է համարում. «Ինքնիշխանության համար խնդիրը ես տեսնում են նախ և առաջ նրանում, որ արտագաղթող բնակչությունը սոցիալական ակտիվության տարբեր մակարդակներում մարդիկ են սովարաբար, այդ թվում` ինտելեկտուալ բնակչության, նկատելի մասը նաև տնտեսական ակտիվ նախաձեռնողական բնակչությունն է:
Դրանով պակասելով այդ շերտը` Հայաստանում ավելանում է սոցիալապես կախյալ բնակչության թիվը` հարաբերական և բացարձակ թիվը, և սա որևէ երկրի համար ինքնիշխանության, պետականության, ինստիտուցիոնալության, տարբեր տեսակի խնդիրներ կարող է հարուցել»: