Մատչելիության հղումներ

«Գնում ենք՝ հետ գալու հույսով»․ երեկ «Շիրակ» օդանավակայանից առաջին չվերթն էր Մոսկվա


Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի օդային սահմանի վերաբացումից հետո երեկ երեկոյան «Շիրակ» օդակավակայանից դեպի Մոսկվա առաջին չվերթը տեղի ունեցավ։

Գործազրկության ու աղքատության բարձր մակարդակ ունեցող Շիրակի մարզում շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, որոնցից շատերը մոտ մեկ տարի փակ սահմանների պատճառով ստիպված էին տանը նստել:

Օնիկ Պողոսյանը սահմանները բացվելուն պես 145 հազար դրամով տոմս էր գնել, որ մեկնի արտագնա աշխատանքի, ասաց՝ անպայման վերադառնալու է։

«Գնում ենք աշխատանքի։ Պանդեմեայի պատճառով մի տարի մնացել ենք, մեր ժողովուրդն էլ մեծամասնությունը արտագնա աշխատանքի հույսով է, ճանապարհը բացել են, գնալու ենք, գնալու ենք, բայց հետ գալու հույսով, այնպես չի, որ գնալու ենք ու գնանք։ Ընտանիքս էստեղ է, ես էլ գնալու եմ ու նորից հետ գամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օնիկ Պողոսյանը։

Ռուսաստանն իր օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար նախ փորձնական բացեց փետրվարի 1-ին, երկու օր անց էլ Ռուսաստանի կառավարությունը որոշեց փետրվարի 15-ից վերականգնել կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի հետ։

Աշխատելու մեկնողների մեջ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներն էլ կային։ Ընտանիքները Հայաստանում են, իրենք էլ հիմնականում աշխատում-վերադառնում են։

«Ընտանիքիս չեմ տանի, որովհետև չեն ուզում, ուզում են մնալ այստեղ, ոչ էլ ես եմ ուզում տանել։ Կյանք է, աշխատանքն այնտեղ է ստացվել, կաշխատենք։ Էդ արտագաղթողներն, ով որ կասի, որ կարտագաղթեն, էդ ո՞ւր պետք ա գնան որ, կարծում են էնտեղ հե՞շտ է, էնտեղ լա՞վ է, էնտեղ իրենց սպասո՞ւմ են գրկաբաց, չէ՛, այնտեղ էլ իրենց դժվարություններն ունեն, այնտեղ այնպիսի դժվարություններ կան, որ մտքներով չի անցնի։ Դուրսը հայի համար շատ դժվար է», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ զրուցակից էլ նշեց, մեծ ոգևորությամբ են եկել Հայաստան, սակայն մեծ հիասթափությամբ էլ գնում են, բայց հետ գալու մտքով․ - «Հետ գալու ենք, մենք կյանքում չպետք է թողնենք մեր երկիրը, մենք իրավունք չունենք թողնել մեր երկիրը։ Մենք պիտի գանք հետ, լավ կլիներ, որ չգնայինք, եկել էինք՝ մնայինք»։

Քիչ չէին նաև հարազատ-բարեկամներին այցելության գնացողները: «Աղջկաս տուն հյուր եմ գնում, էստեղ տուն ունեմ, ո՞նց հետ չգամ, չէ՛, մեր հայրենիքը չպիտի լքենք», - ասաց մեկնողներից մեկը։

Ավիատոմսերի աստղաբաշխական գների մասին լսել էին, բայց հիմնականում մատչելի՝ 40-ից 145 հազար դրամ արժեցող տոմսեր էին գնել՝ ավելի շուտ ամրագրելով:

Երևանում ավիատոմսերի գրասենյակների մոտ վերջին օրերին հերթեր էին, մարդիկ բողոքում էին, որ տոմսերի գները սովորականից մի քանի անգամ թանկ են վաճառվում։

«Հա 30-ից 40 հազար են, այսինքն՝ 200-300 հազար դրամ։ Այդպես էլ պետք է լինի, որ շատ մարդ չգնա», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Արմենուհի Ղասաբօղլյանը որդու ընտանիքին էր ճանապարհում: 90-ականներին Հայաստանից մեկնած ընտանիքը հեղափոխությունից հետո վերադարձել էր, սակայն հիմա որոշել են վերադառնալ Մոսկվա:

«Մի քիչ մեր պայմաններն այնպիսին էին, որ հասկացանք, որ էդքան դեռ չենք կարող էստեղ, ֆինանսապես չենք կարողանում ապահովել էրեխեքին, թե չէ, կորոնավիրուսը, պատերազմը մեզ ոչ մի բանով չի վախեցրել, մեր հայրենիքը մերն է։ Մեր տունը կա, երբ ուզենք, կարող ենք գալ», - ասաց Արմենուհին։

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից այս պահին 4 ավիաընկերություն է թռիչքներ իրականացնում:

XS
SM
MD
LG