Մատչելիության հղումներ

Երկու տարում ռուսական անձնագիր է ստացել Դոնբասի բնակչության շուրջ 15 տոկոսը


Ռուսաստանի Դաշնության անձնագրեր, արխիվ
Ռուսաստանի Դաշնության անձնագրեր, արխիվ

Ուկրաինայի արևելքի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների շուրջ 527 հազար բնակիչներ երկու տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել պարզեցված կարգով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան ՏԱՍՍ գործակալության հարցման: Գերատեսչությունում նշել են, որ նույն ժամանակահատվածում քաղաքացիության տրամադրումը մերժել են նույն տարածքների գրեթե 2 հազար քաղաքացու։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս երկու ինքնահռչակ հանրապետություններում ընդհանուր առմամբ ապրում է կամ գրանցված է 3,5- 4 միլիոն մարդ, այսինքն՝ Ռուսաստանը երկու տարում ռուսական անձնագիր է տվել բնակչության մոտ 15 տոկոսին։ Գործընթացը շարունակվում է։

2019 թվականի ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Դոնբասի մի շարք տարածքների բնակչությանը պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի Դաշնության անձնագրեր տրամադրելու մասին: Պուտինի այս որոշմանը Արևմուտքը շատ կոշտ էր արձագանքել։ Արևմտյան առաջնորդները ռուսական իշխանություններին մեղադրել են Ուկրաինայի արևելքում իրավիճակն ապակայունացնելու հետագա փորձերի մեջ, որտեղ 2014 թվականից ի վեր զինված հակամարտության ընթացքում սպանվել է ավելի քան 13 հազար մարդ:

Պաշտոնական Կիևն ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիների հպատակագրման գործընթացը «հիբրիդային պատերազմի» մի մասն է, որ վարում է Մոսկվան՝ դրանով իսկ խախտելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Այս նույն ռազմավարությունը Մոսկվան կիրառել է նաև Աբխազիայում, ռուս-վրացական հնգօրյա պատերազմի նախօրեին՝ 2008 թվականին, Աբխազիայի բնակչության զգալի մասն ուներ ռուսական անձնագրեր։

Ռուսաստանը հերքում է Դոնբասում պատերազմող անջատողականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեղադրանքները և իրեն հակամարտության կողմ չի համարում: Ռուսաստանի այսպես կոչված քաղաքական էլիտայի մի մասը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության մասին հարց է բարձրացնում։

Մարտի վերջին Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրությունը կտրուկ սրվել էր, կողմերը միմյանց մեղադրում էին անցած տարվա հուլիսից գործող հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Իրավիճակը Ուկրաինայի շուրջ փոքր-ինչ հանդարտվել է Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո, որը կայացել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։ Այդ հեռախոսազրույցից հետո ռուսաստանցի փորձագետները սկսեցին գրել, որ պատերազմը Ուկրաինայի դեմ չեղարկվեց կամ գոնե հետաձգվում է։

XS
SM
MD
LG