Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետը չի հասկանում՝ ինչու հայկական կողմը պետք է զիջի «միջանցքի» հարցում


Երկու հարց կա, որ պետք է հաշվի առնել, երբ խոսքը միջանցքների կամ տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին է։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը:

Այդ հարցերից առաջինն է, ըստ նրա, թե ինչ հաջորդականությամբ է դա տեղի ունենալու:

«Հավանաբար ոմանք ենթադրում են, որ ավելի հեշտ ու նպատակահարմար կլիներ գործարկել այն տրանսպորտային ճյուղը, որ գնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով հարավում, որ կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ: Ինչպես ես եմ հասկանում, այս երկաթուղային գծին նման առաջնահերթություն տալու վերաբերյալ կան կասկածներ, առաջին հերթին այն պատճառով, որ այն ընդհանրապես գոյություն չունի: Եթե դուք եղել եք Մեղրիում, իսկ ես, օրինակ, մի քանի ամիս առաջ եմ եղել այնտեղ, ապա գիտեք, որ փաստացի այն վայրում, որտեղ նախկինում երկաթգիծն էր, հիմա ոչինչ չկա՝ ընդհուպ փայտակոճեր և ռելսեր: Այսինքն, դա պետք է նորից կառուցվի», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով. – «Իսկ եթե համեմատենք այն երկաթգծի հետ, որն անցնում է Իջևանով, երբ ես այնտեղ եղել եմ, ապա այնտեղի գծերը գուցե ևս պետք է վերանորոգվեն, սակայն դրանք գոնե տեղում են: Այստեղ ավելի մանրամասն տեխնիկական տեղեկատվության կարիք կա, օրինակ, թե որտեղ, ինչ և ինչպես դա պետք է արվի»:

«Անկեղծ ասած, ես ուզում եմ ասել Ձեզ, որ, ըստ իս, բանակցություններն առաջ են շարժվել և նրանց բովանդակությունը արդեն վերաբերում է ավելի մանրամասն սցենարների՝ թե ինչպես իրագործել դա, այլ ոչ թե անել միայն սա, իսկ մնացածը մի կողմ դնել: Այսինքն, նկատի ունեմ այն, որ մենք կարող ենք շարունակել անվանել դա միջանցք, բայց կարծես խոսակցությունը այլևս ոչ միայն բացառապես այս ճանապարհի մասին է», - նշեց փորձագետը։

Երկրորդ ասպեկտի վերաբերյալ Վարդանյանն ասաց. – «Երբ խոսքը միջանցքի մասին է, ոմանք ենթադրում են, որ, օրինակ, ինչ-որ բեռների տեղափոխման կամ տրանսպորտի վերաբերյալ պատասխանատվությունը այդ շրջանում կրելու է ոչ հայկական կողմը: Եթե հիշում եք, այնտեղ կային որոշ գաղափարներ, որ դա, օրինակ, կանեն ռուս մասնագետները: Կարծում եմ, որ այս հարցում կան որոշ տարաձայնություններ, և հայկական կողմից կուզենային վերցնել այնքան, որքան կարող են՝ կապված այնտեղ տեղի ունենալիք ապրանքաշրջանառության հետ: Ինձ թվում է, որ այս բանակցությունները իրականում դեռ ելակետում են, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ եթե խոսքը տրանսպորտային փոխադրումների մասին է, որ անմիջականորեն չեն վերաբերում անձնագրերին, մարդկանց, ապա այնտեղ էլ կա հազար ու մի հարց՝ կապված, օրինակ, հավաստագրերի հետ, և ով և ինչպես դրանք կճանաչի, կապված մաքսային վարման վերաբերյալ փաստաթղթերի հետ: Երբ դու չունես պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, երբեմն դա դժվար է գործարկել»:

«Ուզում եմ ասել, որ մենք միշտ կենտրոնանում ենք այն բանի վրա, թե ով է ճիշտ, ով է սխալ, կլինի միջանցք, թե ոչ, բայց իրականում այնտեղ հազար ու մի հարց կա, և, ըստ իս, իրականում ավելի դժվար է լինելու լուծել փաստաթղթերի հետ կապված հարցերը, քան թե ինչ հերթականությամբ բացել ճանապարհներն և ով է իրականացնելու դրանց անմիջական վերահսկողությունը», - նաև շեշտեց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտողը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է հասկանում «միջանցքի» տակ Ադրբեջանը, և ի՞նչ նկատի ունի Հայաստանը, երբ խոսում է տրանսպորտային հաղորդակցությունների բացման կամ ապաշրջափակման մասին:

Ադրբեջանը մի կողմից, իսկ Թուրքիան մյուս կողմից պահանջում են, որ Հայաստանը նրանց տրամադրի միջանցք, որ կարող է ճանապարհ բացել Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա: Հայաստանը համաձայն չէ, առաջարկում է արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհները և մերժում միջանցքի մասին բոլոր խոսակցությունները:

«Չեմ հասկանում՝ ինչու հայկական կողմը պետք է զիջի այս հարցում»

«Տարընթերցումներ կան ընդհանրապես միջանցքի հասկացողության հետ կապված: Մենք բոլորովին այլ բան ենք հասկանում միջանցքի տակ՝ դա տրանսպորտային ուղի է, իսկ նրանք, ովքեր ասում են, որ միջանցքը ոչ մի պարագայում ընդունելի չէ Հայաստանի համար, կարծում եմ, նկատի ունեն, որ այս միջանցքը վերահսկվելու է Ադրբեջանի կամ, չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կողմից: Ի՞նչ կարող եք ասել այս հարցի հետ կապված: Հնարավո՞ր է լինի այնպես, որ այս միջանցքը բացելուց հետո Հայաստանի մաքսային ծառայությունը վերահսկի այս ճանապարհը», - այս հարցին Վարդանյանն արձագանքեց․

«Անկեղծ ասած, ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է հենց այդպես էլ չլինել, որովհետև ես չեմ հասկանում՝ ինչու հայկական կողմը պետք է զիջի այս հարցում: Գիտեք, եթե դա վերաբերեր, օրինակ, Հարավային Օսիայի շուրջ տարածքին կամ Լեռնային Ղարաբաղին, կամ Աբխազիային, այն վայրերին, որտեղ կան տարընթերցումներ՝ կապված իրավական կարգավիճակի հետ, և չկա լիարժեք ճանաչում, ասենք, ՄԱԿ-ի անդամ պետությունների կամ նրանց զգալի մասի կողմից, ապա այնտեղ կարելի է ենթադրել, ինչպես որոշ Բալկանյան երկրներում է եղել, որ լրացուցիչ միջոցառումներ են պետք եղել: Օրինակ՝ վրացական տարբերակում դիտարկել են մասնավոր ընկերության ներգրավման հնարավորությունը: Իսկ այստեղ ունենք երկու ճանաչված պետություն, որոնք, թեև իրար հետ հակամարտության մեջ են, բայց կարծես ցուցադրում են իրենց ցանկությունը՝ դիտարկելու տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունը: Ես լավ չեմ հասկանում, թե ինչու հայկական կողմը պետք է ինքնակամ պատրաստ լինի գնալ նման զիջման: Այնտեղ ինչ-որ բան այն չէ, ու ես չեմ հասկանում՝ ինչն է խնդիրը»։

«Ազատություն». – Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլ կերպ են մեկնաբանում այս միջանցքի հասկացողությունը: Օրերս Ադրբեջանի առաջնորդն ասաց, որ Բաքուն հասել է նրան, ինչ ուզեցել է: Այսինքն՝ նա նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»: Նույնը և նույն ոգով ասում էր նաև Էրդողանը: Իսկ մեր փոխվարչապետն ասում է, որ այս եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներում որևէ միջանցքների մասին խոսակցություն չի եղել: Ինչպե՞ս հասկանալ այս ամենը:

Օլեսյա Վարդանյան. – Կարծում եմ, որ միևնույն է՝ պետք է լինելու հաստատել դա, երբ ինչ-որ բան հրապարակվի, քանի որ, ինչպես գիտեք, բանակցություններն այժմ ընթանում են խորհրդապահական ձևաչափով։ Կարծում եմ՝ վերջում դուրս կգա, որ բոլորն էլ ճիշտ են եղել: Ե՛վ Ալիևը, ե՛ւ Էրդողանը շարունակել են դա միջանցք կոչել, նույնիսկ եթե այդ ճանապարհը վերահսկվի հայկական մաքսային ծառայությունների կողմից և եթե հայկական կողմն իրականացնի անձնագրային հսկողությունը: Եվ այնտեղ չեն լինելու տարընթերցումներ, որովհետև նրանք կարծես թե չեն քննարկում միջանցքը, բայց քննարկում են միջանցքը: Դա այն է, ինչ Դուք ինձ հարցնում էիք, թե ինչպես անվանել այս ճանապարհը: Այն կարող է կոչվել ճանապարհ, բայց այն կարող է նաև կոչվել տրանսպորտային ուղի:

«Ազատություն». - Այո: Այստեղ կա նաև Իրանի գործոնը: Այս երկիրը, որ ևս ունի իր շահերն այս տարածաշրջանում, մտահոգված է հարցով, թե արդյոք Ադրբեջանը Զանգեզուրում կստանա միջանցք, որ կարող է Իրանին զրկել Հայաստանի հետ սահման ունենալուց: Իրանի արտգործնախարարը հայտարարել է Մոսկվայում, ոչ մի պարագայում իրենց սահմանների մոտ թույլ չեն տալու որևէ տարածքային փոփոխություններ: Ինչպե՞ս հասկանալ Իրանի դիրքորոշումը: Ի՞նչ է կատարվում այնտեղ: Նրանք գրեթե խուճապի մեջ են այս առումով:

Օլեսյա Վարդանյան. – Ինչպես ես եմ հասկանում, Իրանի արտգործնախարարի մեկնաբանությունները նախևառաջ վերաբերում էին ճանապարհի այն հատվածին, որն անցնում է հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտով՝ Գորիս և Կապան քաղաքների միջև: Ինչպես գիտեք, ադրբեջանական կողմն այնտեղ տեղակայեց ոստիկանական հենակետեր և սկսեց մաքսատուրք գանձել հենց իրանական բեռնատարներից, այնտեղ նաև երկու վարորդների հետ կապված խնդիր կար, որոնց օրերս ազատ արձակեցին։ Իմ կարծիքով՝ այն վրդովմունքը, որ վերջին օրերին լսվում էր Իրանից, առաջին հերթին վերաբերում էր այս ճանապարհին, որն Իրանի համար այլընտրանք է Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Եվրոպա անցնող ճանապարհին: Դա մի ճանապարհ է, որն Իրանի առաջ բացում է հնարավորություններ՝ առևտուր անելու հյուսիսի հետ կամ հյուսիսով դուրս գալու դեպի Եվրոպա:

Ինչ վերաբերում է միջանցքին, իրականում ես դեռ ոչ մի մեկնաբանություն չեմ տեսել, որ անմիջականորեն կողմ կամ դեմ տրամադրություն արտահայտեր։ Կարծում եմ, որ դա նպատակահարմար է, որովհետև բանակցությունները դեռ շարունակվում են, և շատ ժամանակ է ծախսվել, որ ուղղակի որոշեն, թե կոնկրետ ինչ քննարկել և ինչպես շարունակեն այս գործընթացը:

[..]

Ընդհանուր առմամբ Իրանը մտահոգված է Հարավային Կովկասում թուրքական ազդեցության աճով: […] Այնպես որ, Իրանի հետ կապված և Հարավային Կովկասին վերաբերող այս բոլոր վերջին իրադարձությունները ես կդիտարկեի Իրանի և Թուրքիայի խնդրահարույց հարաբերությունների պրիզմայի միջով: Եվ դա ոչ այդքան առնչություն ունի մեր տարածաշրջանի հետ, որքան ավելի լայն ոլորտների, այդ թվում` Սիրիայի հետ»:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացմանը, Օլեսյա Վարդանյանը կարծում է, որ «սա չափազանց բարձր է հնչում, քանի որ դեռ խոսքը փաստացի վերաբերում է միայն 60 կամ 70 դիտորդների, թուրք սպաների ներկայությանը Լեռնային Ղարաբաղի մոտ գտնվող ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում»:

«Այսինքն, փաստացի մենք դեռ չունենք, ասենք, Թուրքիայի ռազմաբազա: Մենք ունենք Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ ռազմավարական համագործակցություն, որ բոլորովին վերջերս վերահաստատվել է Շուշիի հռչակագրով: Սակայն դրանից ավելի դեռ ոչինչ չունենք:

Իսկ դա նշանակում է, որ երևի դեռևս դրա մասին վաղաժամ կլինի խոսել, ու որ ռուսական ռազմական ներկայությունը, որ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում, հակառակը՝ ռուսական ռազմական ներկայությունը, այժմ, բնական է, խաղաղապահների տեսքով, ամրապնդվել է Հարավային Կովկասում վերջին մեկ տարվա ընթացքում: Հավանաբար սա միայն սկիզբն է, ու մենք դեռ ավելի շատ փոփոխություններ կտեսնենք այս ուղղությամբ: Առնվազն այժմ այս ամենը դեպի այդ ուղղությամբ է գնում», - ասաց փորձագետը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին ու այն հանգամանքին, թե արդյոք Ռուսաստանի հետ դաշինքը նրան բավարար է, թե ոչ, որքան ես եմ հասկանում, Հայաստանի ղեկավարությունը հարցականի տակ չի դնում իր ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ, և ինչպես մենք ականատես ենք եղել բոլորովին վերջերս, Ռուսաստանի կողմից հնչել են հայտարարություններ՝ հայկական բանակի վերազինմանն աջակցության մասին։ Այնպես որ, դա երևի թե այն է, ինչի վրա Հայաստանը պետք է կենտրոնանա մոտակա ժամանակներում», - ընդգծեց Օլեսյա Վարդանյանը։


Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG