Մատչելիության հղումներ

Պուտինի հետ հանդիպումը Փաշինյանն արդյունավետ է համարում, բայց արդյունքների մասին մանրամասներ չեն ներկայացվում


Հանդիպման բաց հատվածում Փաշինյանը գերիների վերադարձի խնդրին չանդրադարձավ

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը շատ արդյունավետ է համարում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը գիշերը Թվիթերի իր միկրոբլոգում է գրել՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն ու իրավիճակը տարածաշրջանում։

«Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», - գրել է վարչապետը։

Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր՝ առանց այլ մանրամասների։

Գերիների ու այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտություն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բոլոր նախորդ հրապարակային հանդիպումներում Նիկոլ Փաշինյանն այդ հարցերն է բարձրացրել: Երեկվա առանձնազրույցի բաց հատվածում, սակայն, այս անգամ Փաշինյանը գերիների վերադարձի խնդրին չանդրադարձավ։

Հայաստանի ղեկավարը միայն վերստին շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ։

«Ցավոք մեր տարածաշրջանի հետ կապված դեռևս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», - ասել է Փաշինյանը Պուտինին:

Սա պատերազմից հետո Մոսկվայում Հայաստանի վարչապետի արդեն չորրորդ հանդիպումն է Ռուսաստանի նախագահի հետ։

Պատգամավոր. Զինված ուժերի արդիականացումը` Ռուսաստանի հետ գործակցությամբ, առաջնային հարցը պետք է լիներ

Թե երկու երկրների ղեկավարները ինչ հարցեր են քննարկել արդեն փակ հանդիպմանն, ու ինչ արդյունքներ են գրանցվել, «Ազատությունը» փորձեց նաև իշխող ուժի ներկայացուցիչներից պարզել, նրանք չեն արձագանքում։

Զինված ուժերի արդիականացում Ռուսաստանի հետ գործակցությամբ, սա ըստ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, հանդիպման օրակարգի առաջնային հարցը պետք է եղած լիներ, երկրորդը` Արցախում ստեղծված իրավիճակը։

«Հիմնական հարցեր կարելի է դիտարկել, օրինակ, անվտանգության ապահովման կամ լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցը, կամ ես ավելի հակված եմ` անվտանգության հիմնական մեխանիզմների ներդրման հարցը, որովհետև մենք վերջին շրջանում տեսնում ենք միջադեպեր. խաղաղ բնակիչների խոցման դեպք ունեցանք, որը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ, և նույնիսկ ոչ պաշտոնապես նշվեց, որ ռուս զինծառայողը թեթև վիրավորում էր ստացել», - նկատեց Աբրահամյանը:

Ինչու է պաշտոնական տեղեկատվությունը սահմանափակ. քաղաքագետի տեսակետը

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանն առաջին հերթին քննարկվել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից անընդհատ շահարկվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Թերևս ամենակարևոր հարցը, որ հայկական կողմը պետք է ստանա, դա նա է` որն է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հետ կապված Թուրքիայի և Ադրբեջանի պահանջի վերաբերյալ, որովհետև այս վերջին շրջանում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են այդ «Զանգեզուրի միջանցքը» փորձում կապել գործող Լաչինի միջանցքի հետ` հայտարարելով, որ եթե նույն պայմաններում միջանցք չտրվի Սյունիքի մարզով Ադրբեջանից Նախիջևան, այսինքն` չստեղծվի «Լաչին-2», ապա իրենք կփորձեն այս կամ այն կերպ խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությունը կամ Ռուսաստանից կպահանջեն, որպեսզի ռուս խաղաղապահներին զուգահեռ հերթական և հսկողություն իրականացնեն նաև ադրբեջանցի սահմանապահները կամ ոստիկանական ուժերը», «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Թե ինչու է պաշտոնական տեղեկատվությունը սահմանափակ, քաղաքագետն ասում է՝ միջազգային պրակտիկայում սովորաբար նման իրավիճակներում 2 պատճառով են քիչ մանրամասներ հաղորդվում. «Առաջին` կողմերը որևէ հարցի շուրջ որևէ պայմանավորվածության հանգել չեն կարողացել, պարզապես չեն ցանկանում ցույց տալ այդ խնդիրները` փաստորեն հանդիպեցինք, սակայն ոչ մի բանի շուրջ չպայմանավորվեցինք, ինչն ինքնին բացասական է, և չցանկանալով դա հրապարակել` սահմանափակվում են ոչինչ չասող, ստանդարտ հայտարարություններով:

Եվ տարբերակ երկրորդ` ձեռք են բերել պայմանավորվածություններ, որոնք բավականաչափ զգայուն են, և կողմերը որոշել են, որ կարիք չկա դրանք անմիջապես հրապարակել, պետք է հասարակություններին որոշակի նախապատրաստել այդ պայմանավորվածությունների իրականացմանը»:

Այսօր էլ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG