Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը պատրաստվում է հանրահավաքի. տագնապներ ունեն 


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն առաջիկայում հանրահավաք կանի։ Հաջորդ շաբաթ կհայտարարեն օրվա մասին։

«Այս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի և մեր պետականության շահերը», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Ազգայն ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով՝ տագնապներ ունեն, թե իշխանությունը Հայաստանից նոր տարածքներ է զիջելու Ադրբեջանին։

Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանը, Հայաստանի կենսական շահերի հաշվին է լինելու, «Զանգեզուրի միջանցքն» էլ կզիջեն այլ ձևակերպմամբ, պնդեց «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը։

«Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է, դա լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, այսինքն՝ Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ, և դա կանխելու համար, մենք գտնում ենք, որ համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն, որ ցույց տա ամբողջ աշխարհին, այդ թվում՝ այսօրվա չարիքի իշխանությանը, որ մեր երկրում կա դիմադրություն, մեր ժողովուրդը համաձայն չէ այս ընթացքին և դուրս է գալիս պայքարի», - ասաց Սաղաթելյանը։

Մինչ հանրահավաքը, քննարկումներ են սկսել քաղաքական ուժերի, փորձագետների ու քաղաքագետների հետ։ Ազգային դիմադրություն են ձևավորում «Ո՛չ թրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով։

Դաշինքի ծրագրերը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․ - «Ե՛վ ակնհայտ, և՛ ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»։

Ինչպես են դիմադրելու Փաշինյանի ծրագրերին, որոնք ընդդիմադիրները Հայաստանի պետականության համար կործանարար են համարում․ Սաղաթելյանն ասաց՝ ժողովրդին կներկայացնեն վտանգները, կառաջարկեն իրենց լուծումներ։

«Մարդկանց կոչ ենք անելու, որ իշխանությունը գնում է սրա ճանապարհով, մենք առաջարկում ենք այս ճանապարհը, հարգելի՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք նաև խնդիր ունենք մարդկանց բացատրելու, էս ամեն ինչը, որովհետև ինքը շարունակում է խաբել․ խաղաղություն-խաղաղություն՝ մարդկանց տանի կոտորի, հետո պատերազմով վախեցնի՞, մենք պետք է նաև մեր ժողովրդին էս բացատրենք, որ «էս մարդը հերթական անգամ խաբում է ձեզ», - նշեց ընդդիմադիր խմբակցության անդամը։

Նրա փոխանցմամբ, քննարկումներ են սկսել տարբեր ուժերի հետ, հանդիպել են Կարին Տոնոյանի գլխավորած ուժի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների հետ։ Հանդիպումների ցանկում են պատերազմից հետո փողոցում իշխանության դեմ պայքարած «Հայրենիքի փրկության շարժմանը» միացած ուժերը։

«Բաց ենք տարբեր ուժերի հետ հանդիպելու, մեր երկրի վիճակը քննարկելու՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար», - ասաց Սաղաթելյանը՝ նշելով՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցն էլ իրենց օրակարգում է։

Հանրահավաքները շարունակական կլինեն, թե՝ մեկանգամյա, Սաղաթելյանը դեռ փակագծեր չի բացում, ասում է՝ փողոցային պայքարի իրենց օրինակով են համոզվել՝ կարևորն այն է, որ մեծ ակնկալիքներ ունեցող մարդկանց չհիասթափեցնեն։

«Եթե գտանք՝ շարունակական լինելու հարց կա, կա այդ տրամադրությունը, կանենք շարունակական։ Այսինքն՝ մենք էսօր հանրահավաք չենք անում, որ ինչ-որ մարդկանց, կամ շրջանակի ասենք՝ «տեսաք, հանրահավաք արեցինք»։ Մենք ունենք մեր առջև դրած խնդիրը և այդ խնդրին քայլ առ քայլ փորձելու ենք հասնել», - նշեց ԱԺ փոխնախագահը։

Իշխանականները մտավախություն չունեն․ «իշխանությո՞ւնն են ուզում վերցնել, չի հաջողվի»

Վարչապետ Փաշինյանը երեկ է թիմին վստահեցրել՝ տարածքային զիջումների մտադրություն չունի, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ «Մենք երեկ հանդիպել ենք վարչապետի հետ, նմանատիպ մտավախություն չկա, ոչ ոք մտադիր չէ նոր տարածքներ տալ, կամ որևիցե մի տարածք տալ։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, նշանակում է տարածքնե՞ր ենք տալիս, եթե ուզում ենք պատերազմ, տարածքնե՞ր ենք վերցնելու, իրենք պատերա՞զմ են ուզում, թե՞՝ խաղաղություն, ուղղակի էս է հետաքրքիր», - ասաց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի սպասվող հանրահավաքին, իշխանական պատգամավորն ասաց՝ մտավախություններ չունի, իշխանությո՞ւնն են ուզում վերցնել, չի հաջողվի, խորհրդարանում չստացվեց, փողոց են վերադառնում․ - «Նրանց տեղը փողոցն է, թող գնան փողոց, փողոցում էլ պայքարեն, ոչ ոք չի կանգնելու իրենց կողքը, իրենք իշխանություն են ուզում, իշխանությունը դրած չի էնտեղ, որ իրանք էլ վերցնեն»։

«Հայաստան» դաշինքը հանդիպումները շարունակելու է, հաջորդը՝ քաղաքական ուժերի հետ է։

Տեսանյութը՝ ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG