Մատչելիության հղումներ

Պատերազմից շուրջ մեկ տարի անց մոտ երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիր դեռ անհայտ է


Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով` պատերազմից շուրջ մեկ տարի անց մոտ երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիր դեռ անհայտ է: Գեղամ Ստեփանյանի խոսքով, այս մարդիկ չեն մասնակցել ռազմական գործողությունների, չեն էլ հասցրել փախչել։

«Նրանք հիմնականում տարեցներ են և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ևս մնացել են Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանի համայնքներում և չեն հասցրել տարհանվել իրենց բնակության վայրից, և ես կարող եմ ենթադրել, որ այդ անձանց նկատմամբ ևս խոշտանգումներ են կիրառվել, նրանք ևս սպանվել են, սակայն նրանց դիակները մինչև այսօր հայկական կողմին չեն փոխանցվել, կամ էլ, կարող ենք ենթադրել, որ նրանց մի մասը դեռևս գտնվում է ադրբեջանական գերության մեջ, բայց Ադրբեջանը որևէ իրական տեղեկություն նրանց որպիսության մասին չի տրամադրում», - ասաց Արցախի օմբուդսմենը։

Գեղամ Ստեփանյանի խոսքով` իր այս ենթադրությունը հիմնավոր է. անցած մեկ տարվա ընթացքում զոհվել է 80 խաղաղ բնակիչ, նրանց միայն կեսը՝ հեռահար զենքից, մյուսները մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Չեն հացրել տարհանվել իրենց բնակության վայրերից այն բանից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժել են։ Այս բոլոր 38 անձանց դիակների փորձագիտական զննության արդյունքները ցույց են տվել, որ նրանց նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ և կտտանքներ ադրբեջանցիների կողմից, սրանք բոլորն էլ հաստատված և անառարկելի ապացույցներ ունեցող դեպքեր են», - ասաց Ստեփանյանը։

Նախօրեին հրապարակված զեկույցը ունի նաև փակ մաս, որը Արցախի օմբուդսմենը ուղարկել է միջազգային կառույցներին, այնտեղ, ասում է, ներկայացված են քաղաքացիական բնակչության սպանությունների ապացույցներն ու մանրամասները` ֆիզիկական բռնություն, դանակահարություն, գլխատում, հրազենային մերձակա կրակոց:

Ադրբեջանն ավելի շատ` 93 խաղաղ բնակչի զոհվելու մասին է հաղորդել` պնդելով, որ նրանք հայտնվել են հայկական զինուժի թիրախում:

Բաքուն մինչև օրս միայն երեք հայ քաղաքացիական անձնաց գերությունն է հաստատել, բայց, ըստ Գեղամ Ստեփանյանի, կասկածելի դեպքերը շատ են: Պատերազմի ավարտից հետո, հիշում է պաշտպանը, Ադրբեջանը հերքում էր գերեվարության հստակ փաստեր, հետո Կարմիր խաչին փոխանցված ապացույցների ճնշման տակ հաստատում, վերադարձնում այդ մարդկանց, շատ չանցած Բաքվից այլևս հաստատումներ չեղան։

«Օրինակ՝ կար դեպք ամուսինների մասին՝ Բենիկ և Էլզա Ավթանդիլյանների մասին, որ նրանց հետ գերեվարված անձը վերադարձել է, բայց երկու տարեցների ճակատագիրը մինչև այսօր մնում է անհայտ։ Այստեղ ենթադրության երկու ուղղություն կա՝ կա՛մ նրանք սպանվել են հենց տեղում, ի դեպ, այն մարդիկ են, ովքեր գերեվարվել են, կա՛մ սպանվել են ենթադրաբար նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, երբ Բերձորով վերադառնում էին Արցախ, եթե հիմք ընդունենք նրանց հետ գերեվարված անձի վերադարձը՝ նրա գերությունը և նրա վերադարձը, ապա ողջամիտ կարող ենք ենթադրել, որ այդ անձինք ևս գերեվարվել են և ողջ են, բայց մինչև այսօր որևէ տեղեկություն մենք չունենք նրանց մասին։ Մեր պահանջները, ներկայացրած ինֆորմացիան՝ թե՛ ռուս խաղաղապահներին, թե՛ միջազգային կազմակերպություններին որևէ կերպով Ադրբեջանի կողմից չեն հաստատվում», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG