Գյումրիում ավագանու ընտրություններին հետևող տեղական դիտորդները մի քանի խախտումներ են առանձնացնում, որ արձանագրել են մինչև ժամը հինգը ընտրությունների ընթացքին հետևելով։
«Պաստառների խնդիրը, որտեղ դիտորդները նաև շրջիկ խմբերի, թե տեղամասային դիտորդներն արձանագրում են, և հանձնաժողովի նախագահի միջամտությունը լինում է, հնարավոր է դառնում գոնե տեղամասի շրջակայքում` թույլատրելի շրջակայքի տեղամասից հանել, որտեղ որ հնարավոր չէ` չի հանվում:
Կուտակումներ քիչ են արձանագրված` ի տարբերություն թե՛ համապետական ընտրությունների, թե՛, եթե խոսում ենք Գյումրիի մասին, 2016 թվականի ընտրությունների, կուտակումներ այն ժամանակ էին: Հիմա որոշ հանձնաժողովների թույլ վարքագծի պարագայում են նար այդ կուտակումները հնարավոր լինում», - ներկայացրեց քաղաքացիական հասարակության 6 կազմակերպություն միավորող «Անկախ դիտորդ» դաշինքի անդամներից Վահրամ Թոքմաջյանը:
Ընտրատեղամասեր ընտրողներ տեղափոխելու դեպքեր են գրանցել, բայց ոչ ավանդական գազելներով, այսօր հրավիրած ասուլիսում ասաց նա. «Չորս կամ հինգ ուժի դեպքում արձանագրված է, որ փոքր մեքենաներով, այսինքն` հին պրակտիկան չկա «Գազելներով», բայց կան որոշակի փոքր մեքենաներ, որոնք ֆիքսված են, և կարծես թե տեղափոխողներն իրենք չեն էլ թաքցնում, որովհետև լոգոները կոնկրետ դաշինքի կամ կոնկրետ կուսակցության` թեկնածուի կան մեքենայի վրա, որ անընդհատ այդ գործն անում է»:
Դիտորդները նաև բաց քվեարկության դեպքեր են արձանագրել, մեկից ավելի մարդկանց ներկայություն քվեախցիկների մոտ և վիճաբանություններ վստահված անձանց ու հանձնաժողովների նախագահների միջև:
Պաշտոնական տվյալներով` 109 հազար 453 ընտրող ունեցող Գյումրիում ընտրություններն արդեն երկրորդ անգամ են համամասնական ընտրակարգով անցկացվում։ Ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին իր կազմից կընտրի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի հաջորդ քաղաքապետին։ Ընտրություններին տասը ուժ է մասնակցում։
Գյումրիում այսօր 82 տեղամաս է բացվել, ընտրողներըն օրվա առաջին կեսին բավականին պասիվ էին, որոշ ակտիվություն նկատվեց կեսօրից հետո։ «Ազատությունն» ահազանգեր ուներ տեղամասերից մեկի մոտ կուտակումների մասին, սակայն տեղում պարզեցինք, որ մոտակայքում կրոնական հավաք էր ընթանում։ Սլաբոդկա թաղամասի 31/45 տեղամասում նկարահանման պահին ընտրողների ակտիվ հոսք նկատվեց։ Քաղաքացիներից մեկը նոր անձնագրով էր եկել, ընտրողների ցուցակում կար, բայց հին անձնագրի տվյալներով, և սարքը նրա նոր անձնագիրը չճանաչեց: Հարցին լուծում տալու համար մի քանի տեղ զանգեր եղան, 85-ամյա ընտրողը ստիպված էր սպասել։
Հանձնաժողովի նախագահ Թագուն Մովսիսյանը վստահեցրեց, թե քաղաքացին իր ընտրական իրավունքը կիրացնի: Բայց պարզվեց, որ քաղաքացին կրկին պետք է անձնագրային գնար, բերեր այսպես կոչված 9-րդ ձևը, որ նրան թույլատրեին քվեարկել։
«Էլ չեմ էրթա, ղրկեիք, էդ ժամանակ ասեիք, բերեի: 10 անգա պիտի էրթամ պասպորտի սեղան, հո երեխայություն չի՞ էս», - բարկացավ քաղաքացին ու որոշեց առանց քվեարկելու հեռանալ: