Մատչելիության հղումներ

Երևանում է Հնդկաստանի արտգործնախարարը. նրան կընդունեն Փաշինյանը, Միրզոյանը


Երևանում է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, վաղը նախատեսված են Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները, ապա երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Ջայշանկարին ընդունելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հանդիպումների օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվել, հնդկական լրատվամիջոցները այցին ընդառաջ գրել են, որ արտգործնախարարը Երևանում քննարկելու է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը փակագծեր չբացեց. «Տեղի է ունենալու իմ հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ և հանդիպումից հետո այդ հարցին նոր պատասխանեմ, որպեսզի նախապես չկանխորոշեմ»:

Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները հանդիպել էին մեկ ամիս առաջ՝ Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը մասնակցում էր ՀԱՊԿ-ի հերթական հավաքին։ Հենց այս հանդիպմանն էր ընդգծվել բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը: Միրզոյանը բարձր էր գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, որ հակամարտությունը պետք է խաղաղ և համապարփակ կարգավորում գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Պաշտոնական Երևանը աջակցում է Դելիին՝ Պակիստանի հետ Ջամմուի ու Քաշմիրի տարածքային վեճում։ Պակիստանը Ադրբեջանի դաշնակիցն է, մինչև օրս չի ճանաչել Հայաստանի անկախությունը, 44-օրյա պատերազմի օրերին միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ նաև այս երկրից են ահաբեկիչներ փոխադրվել Լեռնային Ղարաբաղ։

Ժամանակավորապես արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսին մասնակցել էր Հնդկաստանի անկախության 75-ամյակի միջոցառմանը ու հայտարարել, թե հեռանկարային է համագործակցությունը, այդ թվում և ռազմական, պաշտպանական ոլորտներում. «Մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեպ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները»:

Հայաստանը նաև հետաքրքրություն է հայտնել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ, այն Իրանի միջոցով Հնդկաստանի կապն է ապահովելու Ռուսաստանի և այլ պետությունների հետ, անցնելու է Ադրբեջանով՝ Կասպից ծովով։ Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունների ֆոնին ճանապարհային այս հանգույցը, ըստ ամենայնի, կլինի հայ-հնդկական բանակցությունների թեմաներից մեկը։

Այս տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 105.3 (ըստ արտահանող երկրի հատկանիշի), իսկ Հայաստանի արտահանումը՝ 72.4 մլիլիոն դոլար:

Հնդկաստանի հետ հարաբերությունները խորացնելու, անգամ ռազմավարական դաշնակցություն անելու մասին խոսում են Հայաստանի արևմտամետ ուժերը: Ազգային ժողովրդավարական բևեռն անգամ ակցիա է անելու Արտաքին գործերի նախարարության առջև՝ ողջունելու հնդիկ դիվանագետին։

XS
SM
MD
LG