Մատչելիության հղումներ

Հնդկաստանը կոչ է անում «խախտող կողմին անմիջապես հետ քաշել ուժերը և դադարեցնել որևէ հետագա սադրանք»


ՀՀ ԶՈՒ զինծառայողները սահմանին, մայիս, 2021թ․
ՀՀ ԶՈՒ զինծառայողները սահմանին, մայիս, 2021թ․

Պաշտոնական Նյու Դելին մտահոգությամբ է հետևում իրադրությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այսօր հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցմանը։

«Սահմանային ներխուժումները ռազմական տեղաշարժերով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում։

«Կոչ ենք անում խախտող կողմին անմիջապես հետ քաշել ուժերը և դադարեցնել որևէ հետագա սադրանք», - հայտարարել է խոսնակը՝ շեշտելով, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերի խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծման օգտին։

«Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում կարևոր է տարածաշրջանային անվտանգության տեսակետից», - ասված է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

XS
SM
MD
LG