Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հադրութից տեղահանված տասնյակ մարդիկ այսօր կառավարության առջև էին։ Նրանք փորձում էին մի շարք հարցերի պատասխաններ ստանալ՝ մինչև ե՞րբ պետք է տնից տուն, քաղաքից գյուղ ու գյուղից քաղաք տեղափոխվեն առանց սեփական ապագայի մասին քիչ թե շատ հստակ պատկերացման։
«Բնակարանը կարող ա կառուցեն երեք տարում, բայց երեք տարի պիտի գոյատևենք։ Գոյատևելու համար... հունիսին կտրել են էն վաթսունութ հազարները, բնակարանների երեսուն հազարները օգոստոսին են կտրել։ Էդ ամբողջի փոխարեն հիմա որոշել են քսանհինգ հազար տալ։ Ոչ մի հադրութեցի անգամ իր ամենավատ երազում չի ցանկանա, որ իրանցից բացի մի ուրիշը ընկնի էս վիճակը։ Տուն չունի, տեղ չունի, էսօր էլ ապագայի տեսլականից են զրկում», - ասաց հավաքվածներից Լևոն Հայրյանը։
Կառավարությունը պատերազմում իրենց տներն ու բնակավայրը կորցրած մարդկանց սոցիալական աջակցություն վերջին անգամ տրամադրել է օգոստոսին։ Ասում են՝ ծրագիրն ավարտվել է, մշակել են նոր նախագիծ, որի համաձայն անչափահասներին ամսական կտրամադրեն 50, իսկ չափահասներին ամսական 25 հազար դրամ, որով նրանք պետք է տուն վարձեն ու ապրեն։ Սակայն գործադիրը դեռ չի հաստատել այս ծրագիրը։
Մինչ այդ հադրութցիները սպասում են. - «Կիրովաբադում էինք ապրում, էնդեղից մեզ դեպորտացիա են արել, ինչ վիճակով, դատարկ ձեռքով եկել ենք հասել Հադրութ։ Նորից զրոյից սկսել ենք, տուն-տեղ ենք դրել, ստեղծել ենք, եղած-չեղածը սաղ «Գրադը» թխել ա, սաղ վառել ա... Հիմա էլի ենք էդ վիճակում։ Ինչքա՞ն կարելի ա... Էդքան տուժված և էսօր ոչ մի օգնություն մեզ տալիս չեն։ Տուն չեն տամ, բնակարան չեն տամ, օգնություն չեն տամ» (Ժասմին Ավանյան)։
Ավանյանը մեկն է Հադրութի շրջանից հեռացած ավելի քան տասը հազար մարդկանից, որոնք մեկ տարի առաջ կորցրել են վերջին երեսուն տարվա ընթացքում կառուցածն ու ստեղծածը։
Հադրութցիները այժմ ցրված են Հայաստանով մեկ, մի մասն էլ բնակվում է Ստեփանակերտում։
«Ասում են՝ պետք ա բոլոր փախստականները գնան Արցախ... Էն գնացողները սկի կարում չեն տեղավորվեն, ես գնամ ի՞նչ անեմ։ Հադրութից ենք, մեր տները վառվել ա, դեպորտացիա են արել, մեկ է՞լ գնամ կրակի առաջ կաղնեմ»...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը տեղահանված մարդկանց մասին է, նրանք պետք է վերադառնան իրենց բնակավայրերը։ Սակայն հայտարարությունից մեկ տարի անց Հադրութում վերաբնակեցման մասին խոսք անգամ չկա։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունից Լևոն Հայրյանի խոսքով, իր հայերնակիցների մեծ մասը պատրաստ է գնալ Հադրութ կամ Արցախի այլ շրջաններ անվտանգության երաշխիքների դեպքում. - Նույնիսկ ասում ա՝ իմ տունս թող վառած ըլնի, ես իմ վառած տանը դեմը մի օջախ անեմ, իմ տանը, իմ հայաթում, իմ տարածքում ապրեմ։ Բայց... որ Մինսկի խմբի համանախագահները երաշխիքներ չեն տալիս, էդ դեռ ոչինչ, բայց որ մեր իշխանությունները, մեր քաղաքական դասը չեն պայքարում... Չեմ տեսել մի տարի ա մեկը էս Ռուսաստանին հարցնի, ասի՝ գարանտիա ես կանգնել, որ գերիները հետ են գալու, գարանտիա ես կանգնել, որ տեղահանվածներին հետ ես տանելու, ի՞նչ ես անում»։
Կառավարությունից հադրութցիները երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ, ապա Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանատներ՝ հայտնելու նաև այս կառույցների ներկայացուցիչներին, որ արդեն մեկ տարի փաստացի զրկված են իրենց տներից։
Հադրութցիների ակցիան ավարտվեց Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ ռուսներին ուղղված խնդրանք ու պահանջ ունեին. - «Ներկայացել ենք Ռուսաստանի դեսպանատան մոտ, որպեսզի Ռուսաստանի դեսպանատանը խնդրենք, պահանջենք, որ իրենց խաղաղապահ առաքելությունը կատարեն պատշաճ կերպով։ Մենք չենք տեսնում էդ առաքելության պատշաճ կատարումը»։
Արցախից տեղահանված մադրկանց մտահոգել է վերջերս Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությունը դիպուկահարի կրակից։