Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի 6 շաբաթները. Հարձակում


«Ազատությունն» ամփոփել է 44-օրյա պատերազմն ըստ 6 շաբաթների։ Առաջին մասը ներկայացնում է պատերազմի մեկնարկը, Մատաղիսի անկման շուրջ հակասական մեկնաբանություններն ու թուրքական գործոնի ընդգծումը։

1. Հարձակում

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին համազարկերը հնչեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան: Ադրբեջանի զինված ուժերը հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ առաջին անգամ 1994 թվականից ի վեր հրթիռակոծելով նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր խոշոր քաղաքները, նախևառաջ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ստեփանակերտը պատերազմի օրերին
Ստեփանակերտը պատերազմի օրերին

Պատերազմի առաջին իսկ օրը սկսեցին լուրեր շրջանառվել, որոնց համաձայն` ադրբեջանական առաջին հարվածների հետևանքով շարքից դուրս է բերվել Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության և հրետանու մի զգալի մասը: Ամիսներ անց այդ տեղեկատվությունը կհաստատեն նաև արտերկրում գործող փորձագետներն ու մի շարք հայկական աղբյուրներ՝ նշելով, որ պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական կողմին հաջողվել էր խոցել ՀՕՊ համակարգերի 50-ից 60, հրետանու շուրջ 40 տոկոսը: Սեպտեմբերի 27-ի կեսօրին ղարաբաղցի պաշտոնյաների խոսքից արդեն պարզ էր՝ հայկական կողմի համար իրադրությունը շատ ծանր է:

«Որևէ մեկը` զոհ, կորուստ ա, վիրավոր ա, թող չհուսահատվեն, պատերազմ են հայտարարել, պատերազմը կստանան», - ասում էր Արցախի նախագահը:

Այդ նույն ժամերին Երևանում Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ էր գումարել: Երկրում ռազմական դրություն էր հայտարարվում, պատերազմի մասին ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումը գործնականում արգելվում էր, մեկնարկում էր պահեստազորայինների զորահավաքը:

«Եկեք պայմանավորվենք մի բան` ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում», - Հայաստանի վարչապետի պարտության մասին այս խոսքերն այսօր` 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, հաճախ են հիշում: Փաշինյանի՝ այդ օրն արած մեկ այլ հայտարարությունը, սակայն, պակաս ուշագրավ չէր: Պատերազմի մեկնարկից մոտ տասը ժամ չանցած Հայաստանի վարչապետը բացահայտորեն ասում էր՝ ռազմական գործողություններից խուսափել կամ գոնե դրանք դադարեցնել հնարավոր է, այլ հարց է, թե դիվանագիտական ինչ գործողությունների գնով:

«Ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այդ իրավիճակից, համաձայնվե՞ինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել, և ես ուղիղ եմ հարց տալիս` մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը», - նշում էր վարչապետը: Դահլիճից բացասական պատասխան լսելով` նա շարունակում էր. «Ես չէի էլ կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը»:

2020-ի սեպտեմբերի 27-ին, սակայն, Ղարաբաղի հարցում փոխզիջումների մասին լսել անգամ չէր ուզում ոչ միայն խորհրդարանական մեծամասնությունն, այլև ընդդիմությունը: Այս առումով խիստ հատկանշանական էին հատկապես «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի՝ պատերազմի առաջին ժամերին խորհրդարանի ամբիոնից արված հայտարարությունները. «Մենք պիտի այս պատերազմում լուծենք այս հարցը վերջնականապես: Ես կարծում եմ` մենք ինչ ունեինք կորցնելու` կորցրել ենք: Պարո՛ն վարչապետ, այսօր ժամը 4-ից սկսած, երբ ռազմական դրությունն ուժի մեջ է մտել, գործող Սահմանադրությամբ Դուք ստանձնել եք Գլխավոր գերագույն հրամանատարի նաև առաքելությունը, հետևաբար տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ` գնալ առաջ, որովհետև եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել: Ավելի լավ է` մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»:

Պատերազմի առաջին օրերին, ի դեպ, նկատելի էր՝ Հայաստանի քաղաքական շրջանակներում անընդհատ կրկնվում է վերջին, վճռական կռվի, Ադրբեջանի հետ բոլոր հարցերը վերջնականապես հենց ռազմական ճանապարհով լուծելու թեզը: Այս առումով ամենաանկեղծը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի մերձավոր թիմակիցներից մեկն էր՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Էս իրանց սկսած պատերազմում մենք վերջնական հաղթանակ պիտի տանենք` կապիտուլյացիան», - ասում էր նա:

Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանի խորհրդարանը երկրի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունեց փակ դռների ետևում: Բաքվում երկարաշունչ քննարկումներ չէին ծավալվում՝ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ համացանցում: Պատերազմի մեկնարկին զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում արգելափակեցին սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները բացառապես պաշտոնական տեղեկատվություն էին տարածում, իսկ հրապարակային հայտարարություններով հանդես գալու մենաշնորհը վերապահված էր բացառապես նախագահի աշխատակազմին՝ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին և անձամբ երկրի ղեկավարին:

«Այսօր առավոտյան Հայաստանի զինված ուժերը տարբեր զինատեսակների, այդ թվում` ծանր հրետանու կիրառմամբ գնդակոծել են մեր բնակավայրերը և ռազմական դիրքերը: Այդ հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զինծառայողների շրջանում», - պատերազմի ընթացքում հեռարձակված առաջին հեռուստաուղերձում հայտարարում էր Ալիևը՝ պնդելով, թե միայն հայկական կողմի հարվածներից հետո են ադրբեջանական ուժերն անցել լայնածավալ հակահարձակման: Պատերազմի հաջորդ 43 օրերին, սակայն, Բաքուն Ալիևի այս պնդումը ապացուցող որևէ փաստ այդպես էլ չներկայացրեց:

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Մարտակերտի, Օմարի լեռնանցքի և Ջաբրայիլի ուղղությամբ արձանագրած որոշակի առաջխաղացումների մասին: Ստեփանակերտում թեև հերքում էին ադրբեջանական կողմի հայտարարությունները, սակայն ստիպված էին ընդունել՝ որոշակի նահանջ եղել է:

«Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևոբ», - Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից մոտ 12 ժամ անց՝ արդեն սեպտեմբերի 28-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր ճակատային շտկումների մասին՝ խուսափելով, սակայն մանրամասնել, թե հատկապես որ շրջաններում են հայկական ուժերը վերականգնել նախկինում կորսված դիրքերը կամ առաջ շարժվել. «Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել»:

Սեպտեմբերի 28-ին արդեն հստակ էր՝ ադրբեջանական բանակին եթե անգամ հաջողվում է առաջ գնալ, ապա մեծ դժվարությամբ: Հայկական բանակին, սակայն, այդ համառ դիմադրությունը տրվում էր ծանր կորուստների գնով: Պաշտոնական տվյալներով` ռազմական գործողությունների առաջին օրը հայկական կողմը առնվազն 58 զոհ և 100-ից ավելի վիրավոր էր տվել: Նրանց մի մասին արագորեն Երևան էին տեղափոխում, այդ թվում՝ ուղղաթիռներով:

Հայկական ռազմական ավիացիան առաջին կորուստը կրեց պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին: Այդ օրն առավոտյան Վարդենիսի մերձակայքում խոցվեց հայկական զինված ուժերի «Սու-25» օդանավը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը դրանից մի քանի ժամ անց հայտարարեց՝ հայկական օդանավը խոցվել է ադրբեջանական Գյանջայից օդ բարձրացած թուրքական F-16 կործանիչի կողմից:

Հայկական օդանավի հետ տեղի ունեցածն առաջին պլան մղեց ռազմական գործողություններին թուրքական բանակի մասնակցության թեման՝ թեմա, որի շուրջ խոսակցությունները շրջանառվում էին պատերազմի առաջին իսկ ժամերից: Թուրք զինվորականների պատերազմին ներգրավվածության մասին հստակ փաստեր, սակայն, ի հայտ եկան ռազմական գործողությունների մեկնարկից շաբաթներ անց:

2020-ի հոկտեմբերին մոսկովյան «Կոմերսանտը», ռուսաստանյան իրազեկ աղբյուրները վկայակոչելով, գրեց, որ դեռ մինչև պատերազմի մեկնարկը` ամռանը կայացած համատեղ զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում 600 հոգանոց թուրքական զորախումբ է տեղակայվել, այդ թվում` ռազմական հրահանգիչներ, օդաչուներ, ռազմական օդանավեր, թուրքական անօդաչու թռչող սարքեր՝ օպերատորներով հանդերձ:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, օգոստոս, 2020թ.
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, օգոստոս, 2020թ.

Ավելին` պատերազմի մեկնարկի հաջորդ օրը, ըստ պարբերականի, Բաքու էին ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դունդարը՝ անձամբ ստանձնելով ընթացող ռազմական գործողությունների ընդհանուր կառավարումը:

Եվ մինչ Ադրբեջանի զինված ուժերը վերլուծում էին առաջին օրերին թույլ տրված սխալները՝ հընթացս մարտավարական շտկումներ մտցնելով ռազմական պլաններում, հայաստանյան հանրությունը «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո սպասում էր Ադրբեջանի մոտալուտ պարտությանը:
Անհիմն լավատեսությունը մի կողմ դնելու և բանակցությունների վերադառնալու կոչերն այդ օրերին հատուկենտ էին: Սեպտեմբերի 29-ին առաջինն այդ մասին խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հայկական կողմի համար պահի հրամայականը`
ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է,
բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը», - հայտարարում էր Տեր Պետրոսյանը:

Պատերազմի ավարտից ամիսներ անց զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կպնդի, որ այս նույն օրերին՝ ենթադրաբար 2020-ի սեպտեմբերի 30-ին կամ հոկտեմբերի 1-ին, ինքը ևս կոչ է արել երկրի քաղաքական ղեկավարությանը` «2-3 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Իսկ համառ մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում էին: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Պաշտպանության բանակը հայտարարել էր առնվազն 80 զինծառայողների մահվան, հարյուրավոր վիրավորների առկայության մասին: Նման իրավիճակում, սակայն, հստակ չէր՝ այսպիսի ինտենսիվության պատերազմում շրջափակված Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դեռ որքան են ի վիճակի հավասարը հավասարին դիմադրել Ադրբեջանին:

Պետք չէր նաև մոռանալ, որ պատերազմի առաջին օրերից Ադրբեջանը օդում գրեթե լիակատար գերակայություն ուներ: 2020-ի սեպտեմբերի վերջին էր, որ հայաստանցիների մեծ մասը տեղեկացավ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» գոյության և դրանց մահաբեր ուժի մասին: «Բայրաքթարներով» իրականացված հարվածների տեսագրությունները Ադրբեջանի ՊՆ-ն տարածում էր գրեթե ամենօրյա ռեժիմով: Այս ամենին ևս մեկ ասպեկտ էր գումարվում՝ սեպտեմբերի վերջին գրեթե ամեն օր նոր փաստեր էին հայտ գալիս, որոնք վկայում էին՝ հայկական ուժերի դեմ, ադրբեջանցիներից բացի նաև սիրիացի զինյալներ են կռվում:

Իդլիբում գործող և Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների հարյուրավոր զինյալների` Ադրբեջան վերատեղակայման մասին առաջին անգամ հաղորդվեց պատերազմի մեկնարկից դեռ մի քանի օր առաջ: Այդ մասին գրեց հետաքննող լրագրող Լինդսի Սնելը:

2020 թվականի սեպտեմբերի վերջին օրերին Ղարաբաղում կռվող սիրիացիների մասին գրում էին արդեն արևմտյան առաջատար լրատվամիջոցները: Բացի այդ, դատելով համացանցում հայտնվող տեսանյութերից, իրենք` սիրիացիներն առանձապես չէին թաքցնում ղարաբաղյան պատերազմին իրենց մասնակցության փաստը:

Միջազգային հանրությունը աստիճանաբար, դանդաղորեն սկսում էր արձագանքել Լեռնային Ղարաբաղում օրեցօր թափ հավաքող պատերազմին: Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 28 տարվա դադարից հետո կրկին անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտությանը՝ Բաքվին և Երևանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

Դրանից երկու օր անց՝ հոկտեմբերի 1-ին, ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով հանդես եկան Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարները:

Ո՛չ Բաքվում և ո՛չ էլ Երևանում, սակայն, բանակցությունների մասին լսել անգամ չէին ուզում: Ալիևը դեռ սեպտեմբերի 30-ին` Բաքվի ռազմական հոսպիտալ այցելության ժամանակ էր հայտարարել. «Ադրբեջանը ռազմական գործողությունները կդադարեցնի այն պահին, երբ հայկական զորքերը դուրս բերվեն գրավյալ տարածքներից»: Երևանում, սակայն, գրավյալ տարածքների մասին որևէ քննարկում բացառում էին՝ պնդելով, թե Ալիևի հետ բանակցել հնարավոր չէ, քանի որ նա հատել է բոլոր կարմիր գծերը:

Պատերազմի առաջին շաբաթվա ավարտին մարտերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով շարունակվում էին: Հայկական ուժերին մեծ դժվարությամբ էր հաջողվում զսպել ադրբեջանական կողմի հարձակումները: Որոշ տեղեկությունների համաձայն` ադրբեջանական բանակն այդ օրերին նորանոր մարդկային և տեխնիկական ռեսուրսներ էր ներգրավում, դրան էլ գումարած ակտիվ վերադասավորումներ էին տեղի ունենում: Որպես հետևանք հոկտեմբերի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրկին անցան լայնածավալ հարձակման: Դրանից մի քանի ժամ անց արդեն Ադրբեջանի նախագահը Twitter-ի իր էջում հաղորդեց առաջին հաջողությունների մասին: «Ադրբեջանական բանակն այսօր Մատաղիս գյուղում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը»,- գրում էր Ալիևը:

Հայաստանում, սակայն, Մատաղիսի կորստի մասին Բաքվից հնչող հայտարարությունները կտրականապես հերքում էին:

«Եթե Ալիևը վստահ է, որ Մատաղիսն ազատագրել են, ապա ինչո՞ւ չի այցելում Մատաղիս: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք` ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում. փաստացի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին», - հայտարարում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ Հայաստանի գլխավոր գերագույն հրամանատարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատերազմի ընթացքում հղված երկրորդ տեսաուղերձով հանդես եկավ հոկտեմբերի 3-ի երեկոյան, այն նույն ժամերին, երբ Ալիևը հայտարարում էր Մատաղիսի գրավման մասին: Փաշինյանն ուղերձի ընթացքում ոչինչ չասաց Մատաղիսում ստեղծված իրավիճակի մասին, սակայն ընդունեց՝ ռազմաճակատի մի շարք հատվածներում իրավիճակը բարդ է:

«Հարձակման մասշտաբներն աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների` 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում: Որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին», - ուղերձում ասում էր վարչապետը:

Բայց անգամ ուժերի անհավասարության նման հստակ նկարագրությունից հետո Հայաստանի վարչապետը համոզված էր՝ ռազմական հաղթանակը Ադրբեջանի հանդեպ հնարավոր է. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն, սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է Հաղթանակ, ու մենք կհաղթենք, ու մենք անպայմանորեն կհաղթենք, ու չկասկածեք»:

Կանցնի ևս մի քանի օր, և Ադրբեջանի զինված ուժերին Արաքսի հովտում կհաջողվի ճեղքել հայկական պաշտպանությունը՝ գրավելով Ջաբրայիլը և ընդհուպ մոտենալով Հադրութին: Առջևում էր պատերազմի երկրորդ շաբաթը…

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG