Էլլադա Դադայանը պատերազմի առաջին օրը իր մեքենայով կրակի ու արկերի փոշու միջով Մարտակերտից դուրս է բերել իր ու քույրերի բոլոր երեխաներին: Մեքենայի 9 ուղևորներից ոչ ոք չի հիշում, թե ինչպես են այդքանով մեքենայի մեջ տեղավորվել ու հասել Երևան:
«Չորս ընտանիքի էրեխա եմ բերել Էրևան ես մենակ: Իմ քույրերի էրեխեքն են, իրանք բուժքույր են, մնացել են, մինչև այսօր ընտեղ են, իրանց ամուսինների հետ», - պատմում է Դադայանը:
Էլլադան ասում է, որ երեխաներին կրակի տակից դուրս բերելիս ամուսնու խոսքերն է հիշել` եթե արկերի ձայն ու ալիքը լսում ես, ուրեմն ողջ ես մնալու. – «Արկերը սենց մեքենայի վրով... ձենը, դղրդոցը: Էդ պահին էրեխեքը սենց բաներ են անում, որ վսյո, մեռնում ենք: Ասեցի` չէ, ցավդ տանեմ: Հիշեցի, որ ամուսինս` Արամը ապրիլյան պատերազմում նորից որ վայրագ շները հարձակվեցին, ասում էր` որ լսում ես, ուրեմն ձեզ չի կպել: Էդ նույն բանը փոխանցեցի էրեխեքին»:
Էլլադան Ապրիլյան պատերազմի մասնակից, հրետանավոր Արամ Առուշանյանի այրին է: Փոխգնդապետ Առուշանյանը Արցախի բոլոր հաղթանակներին է մասնակցել` Մարտակերտի, Քարվաճառի ազատագրմանը: Նրա գլխավորությամբ է կազմավորվել «Եղնիկներ» գնդի հրետանին: Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվեց Մատաղիսում:
Էլլադան ասում է, որ այսօր ամուսնու ընկերներն են առաջնագծում` արդեն իրենց որդիների հետ: Նա վստահ է, որ ամուսինն էլ այնտեղ կլիներ, իսկ իրենք` Մարտակերտում, ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ էր, երբ շենքում միայն ինքն ու իրենց չորս երեխաներն էին մնացել:
Էլլադայի համար պատերազմը չավարտվող դժոխք է, Մարտակերտում չորս երեխաներին շենքի տարբեր հատվածներում էր տեղավորել, որ եթե մի բան պատահի.... – «Տղա աղջիկ էրեխեքին բաժանել էի Ապրիլյանի վախտ, որ գոնե մի զույգը կենդանի մնային»:
Փոքրը` Արենը Ապրիլյանի ժամանակ հինգ տարեկան էր. – «Նենց եմ գրկել, կորացել, որ հրետակոծությունը դըմբ-դըմբ-դըմբ ու կանգնեց, արդեն հիշում եմ, որ քուրս սենց կճմտում ա, որ էրեխուն խեղդում ես, բաց թող»:
Այս մի պատերազմը, նրա խոսքով, այլ է: Սովորաբար ամեն ինչ սկսվում էր դիրքերից, հետո հասնում բնակավայրեր: Հիմա միանգամից թիրախավորվեցին վաղ առավոտյան հանգիստ քնած մարդիկ:
Այժմ Էլլադայի քույրերն են առաջնագծում, բուժքույրեր են: Վեցամյա Մարիաննան քրոջ աղջիկն է, ընդամենը երկու օր հասցրեց դպրոց գնալ: Եբր բուժքույր մայրիկը կապ է հաստատում, նույնիսկ փոքրերը գիտեն, որ հարցեր տալ չի կարելի, միայն մաղթանքներ:
Էլլադա բոլոր երեխաներին մի տան մեջ հավաքել ու ամեն օր հույս ունի վաղը վերադառնալ Արցախ, իրենց տուն. – «Մենք սուրբ վայրում ենք ապրում: Որովհետև այդտեղ մեր տղաների արյունն ա թափվել... Մենք ոչ թե չենք կարողանում հարձակվել, այլ մենք չենք ուզում պատերազմ: Մենք ոչ թե չենք կարողանում կրակել, այլ մենք չենք ուզում խաղաղ բնակչին վնասել: Բայց որ արդեն դանակը ոսկորին ա հասնում, արդեն մենք պետք ա հակահարված տանք: Պատասխանենք հակառակորդին, որ հասկանա, որ մենք կարող ենք, բայց մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով լուծել հարցը»:
Պատերազմի ճանապարհով երեխաներին դուրս բերած Էլլադան ուզում է խաղաղության ճանապարհով հետ վերադառնալ: