«Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով», - ասել է Հայաստանի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե քննարկո՞ւմ է արդյոք Երևանը Ղարաբաղի հետ դաշինք կնքելու հնարավորությունը, Փաշինյանն ասել է` «քննարկում ենք նաև այդ հարցը»:
«Այդ դաշինքը փաստացի արդեն կա, քանի որ Հայաստանը հանդես է գալիս որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և մենք հիմա պետք է մտածենք դրա զարգացումների մասին: Կարևոր է արձանագրել, որ վերջին իրադարձությունները նոր ռազմաքաղաքական իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում», - ասել է Փաշինյանը:
Երբ լրագրողը փաստել է, որ Փաշինյանը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և խնդրել մանրամասներ հաղորդել այդ զրույցներից, Փաշինյանը հարկ է համարել ընդգծել` ինքը ոչ միայն Ռուսաստանի, այլև մի շարք այլ երկրների առաջնորդների հետ է զրուցել:
«Ես այս ընթացքում հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և երկու անգամ էլ Վլաիդմիր Պուտինի հետ, բայց կարծում եմ`ավելի շատ զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի և այլ առաջնորդների հետ: Մենք քննարկել ենք վերջին զարգացումները և այդ առումով մեր հնարավոր համագործակցությունը», - ասել է Հայաստանի վարչապետը:
«Բայց Ձեզ համար ամենաշատը Պուտինի արձագանքն է կարևոր, այդպես չէ՞», - հարցին Փաշինյանը պատասխանել է, - «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և Ռուսաստանի հետ Հայաստանը խորը համագործակցություն ունի անվտանգության ոլորտում, Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա կա, որոշակի համաձայնագրեր, և այդ առումով մեր օրակարգն առավել բազմազան է»:
«Ալ Ջազիրա»-ի թղթակիցն առավել ուղիղ հարց է տվել` «կցանկանայիք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի օգտին այնպիսի հայտարարություններ աներ, որպիսիք անում է Թուրքիայի նախագահը` հօգուտ Ադրբեջանի»:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է` նախևառաջ, Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր պետք է բոլոր միջոցները ձեռնարկի տարածաշրջանի խաղաղության և կայունության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանը Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրեր ունի, և դա մեր օրակարգի հարցերից մեկն է», - ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը, միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պետք է դիտարկվի հակամարտության կարգավորման առավել լայն համատեքստում`Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը պաշտոնավարման ընթացքում կարո՞ղ էր ինչ-որ բան այլ կերպ անել` լարվածության այս սրացումը թույլ չտալու համար, Փաշինյանն ասել է . «Պատմությանը նայելով` կարող եք հարցնել, թե ի՞նչ կարող էր անել ԱՄՆ-ն` կանխելու սեպտեմբերի 11-ը: Եվ եթե այս համեմատությունը ձեզ չափազանցություն է թվում, կասեմ` երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը սպառնաց հարվածել հայկական ատոմակայանին»:
«Ալ Ջազիրա»-ին հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը: