Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով Զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու գործառույթ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975 հազար 340 դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490 հազար դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:
Նշելով, որ այս դեպքը միակը չէ՝ ԱԱԾ-ն հայտնում է, որ նշված անձի գործողությունները չեն սահմանափակվել միայն ժամկետային և զորահավաքային զինծառայողների օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալով։
Ըստ ծառայության, նախաքննական մարմնի տրամադրության տակ կան բավարար փաստական տվյալներ, որ նույն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից առկա են նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման այլ դեպքեր, ինչպես նաև Պաշտպանության նախարարության կարիքների համար տրամադրված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ:
Դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում:
Նախաքննության ընթացքում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում, ինչպես ծառայությունն է նշում, հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր:
«Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Մանրամասները տես այստեղ