Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո» մականունով):
Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար:
«Ինքը հայտնի «Պատրոն Դավոն է»: «Պատրոն Դավոյի» մասին գոնե ինձ չեք կարող մեղադրել, որ ես չեմ խոսել, խոսել եմ միշտ և կարծում եմ, որ պարզվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը, հո սա մի օրում չեղավ, ունի լուրջ ուսումնասիրություններ, իսկ առավել ևս հիմա` հետպատերազմյան շրջանում, նման դրսևորումները ոչ միայն պետք է բացահայտվեն, պետք է բացահայտվեն ամբողջ խորությամբ», - ասում է ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանն այս կոռուպցիոն բացահայտումից զարմացած չէ։ Զենքի առքուվաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի անունը մամուլի սկանդալային էջերում նոր չի հայտնվել, ասում է։ Նա բանակի զենքի մատակարարն էր դեռ նախկին իշխանությունների ժամանակներից, հիշեցնում է Քոչարյանը:
«Պատրոն Դավոն» նոր չի հայտնվել, նա եղել է շատ անհիշելի ժամանակից և անհիշելի ժամանակից սկսած կարողացել է ունենալ նաև հովանավորներ տարբեր իշխանությունների մեջ», - նշում է պատգամավորը:
Եթե Դավիթ Գալստյանի կասկածելի գործարքներից քաջատեղյակ էին, ինչո՞ւ նա դարձավ կոռուպցիան գլխատելու խոստումներ տված Փաշինյանի կառավարության գլխավոր գործընկերը։
«Ոչ, նա Պաշտպանության նախարարության գլխավոր գործընկերն է եղել անհիշելի ժամանակից, ավելին` լավ կլիներ, որ այս գործը բացահայտված լիներ մինչև Դավիթ Տոնոյանը կամ դրանից առաջ, բայց դրանից առաջ դա անհնար էր, որովհետև «Պատրոն Դավոն» այն հիմնական բանակի մատակարարն էր, որի միջոցով շատերը երջանիկ են եղել իր հետ նման գործողությունների մասնակից լինելու համար», - ասում է Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ իշխանական պատգամավորի՝ այս բացահայտումը հնարավոր եղավ Պաշտպանության նախարարության ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների պաշտոնանկությունից հետո։ Այսպիսի գործարքը չէր կարող լինել առանց բարձրաստիճան պաշտոնյաների աջակցության, ասում է Անդրանիկ Քոչարյանը. «Ինքը նման գործողություն կոռուպցիոն չի կարող լինել առանց լուրջ պաշտոնական աջակցության, պաշտոնյաների աջակցության, այսպես ասեմ: Այնպես որ, սպասենք սրա զարգացումներին»:
«Ազատություն» - Այդ աջակցությունը չի՞ հասնում մինչև վարչապետ, օրինակ:
Անդրանիկ Քոչարյան - Ո՛չ, ո՛չ, եթե հասներ մինչև վարչապետ, այս քրեական գործը հաստատ չէր լինի:
2018 թվականի բարձրաստիճան պատասխանատուներից գլխավոր շտաբի ղեկավար Արտակ Դավթյանը վստահեցնում է, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։ Ասաց՝ ԱԱԾ-ն հստակ չի նշել, որ ամսին է այս զենքը ընդունվել, իսկ ինքը պաշտոնը ստանձնել է հունիսից. «Այնքան շատ են դրանք եղել, որ ինչ-որ բան ասել, մենք նման կարգի միջոցներ ընդունել ենք ինձանից առաջ, իմ ժամանակ, ինձանից հետո, նենց որ ինչ-որ բան հիմա կատարել ա… ես դրա համար ասացի` ո՞ր ամսվա մասին է»:
Գլխավոր շտաբի նախկին պետը հրաժարվեց պատասխանել՝ իրեն հարցաքննության կանչել են, թե ոչ։ Ասաց` գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող հանձնաժողովն էր զենքը ընդունում, ուսումնասիրում պիտանելիությունն ու համապատասխանությունը պայմանագրին։ Եթե չի համապատասխանում, վերադարձնում են։ Ըստ նրա` սա այնպիսի մեծ գործարք չէ, որ հատուկ հիշեր` իր օրոք է ընդունվել, թե ոչ. «Թեկուզ մեկ միլիոն դոլար այդ գործարքների համար, դա մեծ գումար չէ տոկոսային առումով: Կլինի դատարանի որոշում, որ այո, եղել է, ուրեմն դրա համար էլ իշխանությունն աշխատում է, կլինի դատավարություն: Կարող է դատարանը գտնի, որ ինչ-որ բան այնպես չէ, որոշումն այլ կերպ կայացնի»:
Դավիթ Գալստյանին պատկանող ընկերությունների զենքի մատակարարման չարաշահումներով ԱԱԾ-ում չորս քրեական գործ է հարուցվել։ ԱԱԾ-ն միջնորդել է, որ Գալստյանին կալանավորեն։ Այս գործով Պաշտպանության նախարարության նախկին ու ներկա պաշտոնյաներին մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, Ազգային անվտանգության ծառայությունը լռում է։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապվել չհաջողվեց։