Արցախի մարդու իրավուքնների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տեղեկացմամբ, 32-ամյա Արտակը այժմ գյուղի իր տանն է. - «Ծեծել են, իմ կարծիքով, որոշակի ինֆորմացիա են ցանկացել հասկանալ իրենից։ Բայց ինքը չի խոսել, որովհետև որոշակի հոգեկան խնդիրներ էլ ունի։ Նրանք էլ մտածել են, որ թաքցնում է, չի խոսում, դրա համար ավելի են ծեծել»։
Արտակի հայրը՝ Ռաշիդ Մանասյանը պատմում է, որ որդին իրենց յոթ կովերին է արոտավայր տարել ու ակամա անասունների հետևից հասել այս պատերամից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածք. - «Կովերի հետևից գնացել ա հասել իրենց պոստը, մի երկու հոգի եղել են, շվվացրել են, մի քանի հոգի էլ են եկել, փորձ են արել։ Դե ինքն էլ անծանոթ մարդու մոտ չի խոսում, իմացել են, թե գաղտնիք ա պահում, ծեծել են»։
Հայրն ասում է, որ որդին այժմ ապաքինվում է, վնասվածքները շատ են։ Ադրբեջանցի զինվորները նրան պարկի մեջ են գցել, ծեծել՝ ցանկանալով ինչ որ տեղեկություն կորզել, այնինչ Արտակը ո'չ նրանց լեզուն է հասկացել, ո'չ էլ կարողացել է իր իմացած հայերենով բան հասկացնել։ Նա հաշմանդամություն ունի։
«Գլխի, թևերի, դեմքի, ականջի մոտի կապտուկները կամաց-կամաց անցնում ա, բայց ոտքի ծնկի խնձորակը ջարդված ա, գիսպի մեջ ա։ Թե երբ կլավանա, հըլը չենք իմանում», - ասաց Արտակի հայրը։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ է Արտակը փոխանցվել հայկական կողմին։ Այսօր, խաղաղապահները, Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանի փոխանցմամբ, այցելել են նրան. - «Իրանք էլ են նկարահանել, հատկապես էդ վնասված տեղերն են նկարահանել»։
Հինգ օր առաջ էլ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչներից մեկն էր մոլորվել ու դարձյալ հայտնվել ադրբեջանական զինուժի ձեռքում։ Նա նույնպես վերադարձվել էր ռուսների միջնորդությամբ։
Արցախի օմբուդսմենը շեշտում է, որ պատերազմից հետո նոր սահմանները գծված չեն, խրամատներ փորված չեն, չերևացող այդ սահմանը հսկող զինվորներ չկան, և եթե իրազեկման աշխատանք չկատարվի, այսպիսի դեպքեր էլի են լինելու. - «Պետք է աշխատանք տարվի համայնքների ղեկավարների կողմից, նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի համայնքի բնակիչները հստակ իմանան, թե որտեղ է ավարտվում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքը, որպեսզի հետագայում նման դեպքեր չլինեն»։
Մոլորված, հաշմանդամություն ունեցող մարդուն խոշտանգելու փաստը, ըստ Արցախի օմուդսմենի, ևս մի ապացույց է, որ 30 տարի հայատյացությամբ սնվող ադրբեջանցին չի կարող ապրել հայի կողքին խաղաղ գոյակցությամբ։
Սա, ըստ Ստեփանյանի, ազդակ պիտի դառնա միջազգային կառույցների ու այս հակամարտության կարգավորմամբ զբաղվողների համար. - «Ամենակարճաժամկետ հեռանկարում որևէ խաղաղ գոյակցության մասին խոսք լինել չի կարող»։
Այս միջադեպի առնչությամբ Արցախի օմբուդսմենը դիմել է մարդու իրավուքնների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին, սակայն շեշտում է, որ այդ կառույցերը կրավորական կեցվածք ունեն։
Պատերազմական հանցագործությունների հեղինակ Ադրբեջանը շարունակում է մնալ անպատիժ՝ 9 ամիս շարունակ չվերադարձնելով գերիներին, նաև տեղեկություն չտալով գերեվարված այլ հայերի մասին. - «Նրանց կրավորական կեցվածքը ուղղակի պարտության է մատնում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը բռնապետության ագրեսիայից»։
Գեղամ Ստեփանյանի խոսքով, միջազգային կառույցներից հաճախ են արձագանքում, թե կցանկանային գալ, տեղում ծանոթանալ իրավիճակին, բայց Ադրբեջանը համաձայն չէ։ Օմբուդսմենը հարց է հնչեցնում՝ ի՞նչ կապ ունի մարդու իրավունքը տարածքի իրավական կարգավիճակի հետ։