Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր բացահայտելու մասին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը, որի ինքնությունը չի հրապարակվում, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ Հայաստան ներմուծելու, դրանց մի մասը Պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացուցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՊՆ-ին ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, տեղեկություններ ունենալով նաև, որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, «նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը»՝ ձեռնամուխ լինելով այդ հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և արդյունքում նույն ընկերության՝ ՊՆ-ի նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին: Այդ նպատակով, շարունակում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, «ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ»: Պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցնելով փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին, ընկերության հետ կնքվել է հրթիռները 2 միլիարդ 277 միլիոն 323 հազար 840 դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:
Նույն պաշտոնատար անձը, շարունակում է ԱԱԾ-ը, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն, որի արդյունքում ՀՀ Զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել այդ հրթիռները, և մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ վերը նշված գումարին համարժեք 4 միլիոն 655 հազար 200 դոլար գումար: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, «մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ», նշված է հաղորդագրությունում:
Նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է և ներգրավվել է որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: