Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատար Արսեն Ղազարյանը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Համաձայն հաղորդագրության՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը այսօր բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցել էր՝ այդ շրջանում Ղազարյանը 38 հոգով տեղակայվել է Խծաբերդ գյուղերի հատվածում, իսկ 62 պահեստազորայինները բարձրադիր հատվածներում, և նրանց միջև հաղորդակցման միջոցներ չեն եղել։ Եվ դեկտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է նրանց վրա, Ղազարյանը հնարավորություն չի ունեցել այդ մասին հայտնելու ոչ վերադասին, ոչ էլ 62 պահեստազորայիններին։ Բանակցել են ադրբեջանցիների հետ, մասնակցել է ոչ միայն իր պաշտպանյալը, այլև բարձրաստիճան զինվորականներ։ Տապալված բանակցություններից հետո 38 հոգանոց խումբը նահանջել է, իսկ 62 հոգին գերի է ընկել: