Մատչելիության հղումներ

Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև, ՄԱԿ-ում հայտարարում է Ալիևը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անցած գիշեր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև:

Նրա խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը սպասարկող ոլորտներից մեկը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:

«Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»:

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Նման համաձայնությունը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան: Այնուամենայնիվ, մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:

Իր ելույթի բավականին ծավալուն հատվածը Ադրբեջանի նախագահը հատկացրել է Հայաստանին ուղղված մեղադրանքներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախատեսված է այսօր ուշ երեկոյան։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG