Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել , «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի՝ Ռուսաստանը առաջարկներ է փոխանցել Երևանին ու Բաքվին, այժմ սպասում են շուտափույթ պատասխանի։
«Ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առանձին հատվածների իրավիճակին։ Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ, ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի պահանջարկը՝ ողջ երկայնքով՝ դրա հետագա դեմարկացիայով։ Զուգահեռաբար շարունակելու ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու ուղղությամբ՝ բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների իրագործման շրջանակներում», - ասել է Զախարովան։
Հայ-ադրբեջանական սահմանին՝ մայիսին սրված իրավիճակի ժամանակ ևս Մոսկվան առաջարկել էր սահմանագծում ու սահմանազատում անցկացնել։ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, նաև, որ «հավերժ չեն պահի այդ առաջարկը սեղանին»։
Երևանը սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու պայման Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումն էր առաջ քաշում։ Երկու շաբաթ առաջ նորանշանական արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանյան «Ռիա Նովոստիին» ասել էր, թե սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ ԱԳՆ-ից այսօր չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ՝ արդյո՞ք գործընթաց սկսվել է ու արդյո՞ք հայկական կողմի նախապայմանները մնում են ուժ մեջ։
Հետաքրքիր է, որ փոխվարչապետից բացի, իշխանության ևս մեկ ներկայացուցիչ է այսօր խոսել սահմանազատման ու սահմանգծման աշխատանքների անհրաժեշտությունից՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե մամուլում տեղեկություններ կան, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է եղել պայմանավորվել սկսել դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց՝ հայկական կողմին բավարարող պայմաններով։
«Չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել։ Բայց ես կարող եմ ասել, որ այդ մասին հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո գնում են խորհրդատվություններ, և բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ, որովհետև այդ փուլը մտնելուց սկսած մենք պետք է կարողանանք լարվածության թուլացման, դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնենք անշրջելի», - ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Գորիս-Կապան ճանապարհի առայժմ չհանգուցալուծվող իրավիճակին զուգահեռ հայաստանցի պաշտոնյանները հստակ չեն պատասխանում հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը վարում է բանակցություններ՝ Հայաստան ուղևորվող իրանցի վարորդների համար ստեղծված խնդիրը լուծելու համար։
Միայն կիրակի օրն է պաշտոնական հաղորդագրություն եղել, թե Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերն ու Ռուսաստանի Դաշնության սահմանապահները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Դրանից հետո ԱԱԾ-ն լռեց, մյուս գերատեսչությունները՝ նույնպես։
Արդբեջանցիները արդեն 6-րդ օրն է իրանական բեռնատարներից հարկեր են պահանջում, խնդիրը չլուծվելու դեպքում մասնագետները կանխատեսում են տնտեսական վատ հետևանքներ, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ Ադրբեջանի գործողությունները ուղղված են իրանական կողմին․ Բաքուն ու Թեհրանը պետք է ճշտեն՝ այդ գործողությունները ապօրինի՞, թե՞ օրինական են։
«Իրանի և Ադրբեջանի միջև պետք է ճշտեն էս գործողությունները տեղավորվո՞ւմ են որպես մաքսակետի, թե՞՝ ապօրինի գործողություններ են։ Դրանք չեն վերաբերվում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք։ Սահմանապահ զորքերի մեր տեղակայումը, ադրբեջանական ուժերի տեղակայումը և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան՝ չկրակենք իրար վրա, մինչև որ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային դեմարկացիային և դելիմիտացիային առնչվող խնդիրները», - ասաց Քոչարյանը։
Այսօր հայկական կողմը հաղորդագրություն տարածեց, թե աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, քննարկել նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Վարչապետի գրասենյակը միայն այսքանն է հաղորդել։ Իրանի պետական գործակալության փոխանցմամբ, նախագահ Ռայիսին ասել է, թե Հայաստանի ու Իրանի միջև աշխատանքային խումբ է ստեղծվելու նաև տրանսպորտի հարցով, և որ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Երևանը ողջունում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ Իրանի ներկայացրած նախաձեռնությունները։ Թե հատկապես ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը, Իրանի պետական գործակալությունը չի մանրամասնել։
Դեռ դեկտեմբերին Պաշտպանության նախարարությունը, խոսելով Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհի մասին, «վիճելի տարածքներ» բառակապակցությունն էր օգտագործում։ Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը, կրկին հնչեցնելով ադրբեջանական տեղանուններ, առանց ակնարկների առաջին անգամ հայտարարեց՝ Էյվազլին ու Չայզամը Հայաստանի տարածքում չեն։
«Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ Հայաստանի տարածքները իշխանությունը բանավոր նվիրում է Ադրբեջանին. - «Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը որոշված չէ, ինչո՞ւ են բանավոր հայտարարությամբ հերթական անգամ նոր տարածքներ հանձնում թշնամուն, այն էլ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ»։
«Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի կարծիքով, միջպետական ճանապարհը զավթված է, որը համարժեք պատասխանի չի արժանանում։ Ընդդիմադիր պատգամավորը Սև լիճ ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո իշխանության հռետորաբանության փոփոխություն է նկատել. - «Օգտագործում են անգամ ամենաբարձր մակարդակով ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով ուղղակի էդ կեղծարարությունը ադրբեջանական ևս մեկ անգամ հիմնավորել, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաև մեր կառավարության կողմից մեջբերումները, աշխարհին ներկայացնեն ոչ թե որպես ագրեսոր, ովքեր ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, այլ երկու պետություններ, ովքեր ունեն սահմանային վեճ։ Սա ամենևին էդպես չէ։