Մատչելիության հղումներ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ այս պահին սահմանազատման բանակցություններ չկան


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանի Սոթքի հատվածում, հունիս, 2021թ․
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանի Սոթքի հատվածում, հունիս, 2021թ․

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրից» Էդուարդ Աղաջանյանը հավաստիացնում է՝ այս պահին Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու բանակցություններ չկան։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան, արխիվ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան, արխիվ

Անցած շաբաթավերջին հայաստանցի պաշտոնյաները հետաքրքիր զուգադիպությամբ խոսեցին դրա անհրաժեշտությունից, նրանց թվում նաև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Արդյոք ուժի մեջ են հայկական կողմի նախապայմանները. մայիսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցով հայկական կողմը երկու առաջարկ է արել՝ բոլոր գերիների վերադարձ ու ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի սահմաններից, ինչն էլ անպատասխան է մնացել։

Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ գերիների վերադարձի և զորքերի դուրսբերման հարցերը նախապայմաններ չեն, դրանք, ըստ նրա, գործընթաց սկսելու համար պարտադիր նախադրյալներ են։

«Բանակցություններին պետք է նախորդի բանակցությունների համար տրամադրող, դրական ֆոն։ Երբ որ մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, ովքեր մինչ օրս ոչ միայն չեմ վերադարձվել հայրենիք, այլ որոնցից շատերի վրա շինծու քրեական գործեր են հարուցվել, որոնք դատապարտվել են 10 և ավելի տարիների ազատազրկման, գումարած դրան՝ այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են, առնվազն չի նպաստում նմանատիպ ֆոնի ստեղծմանը և ձևավորմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, հայտարարում է՝ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Ըստ էության՝ պահանջը կայանում է նրանում, որպեսզի Արցախի և արցախահայության իրավունքներից նույն արցախցիները հրաժարվեն, հետևաբար և Հայաստանը, հայկական կողմը հրաժարվի։ Բնականաբար՝ դա չի կարող լինել ընդունելի մեր համար», - ընդգծեց Աղաջանյանը։

«Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե կնճռոտ հարցերը կլուծվեն»

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ իշխանությունները նախապայմաններից խոսում են միայն ելույթների մակարդակով Հայաստանում, բայց հայ-ռուսական կամ հայ-ռուս-ադրբեջանական բանակցություններում դրանք չեն դառնում օրակարգային հարց։ Օրինակ է բերում՝ տարածքների հանձնման ժամանակացույց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կար, գերիների վերադարձի՝ ոչ։ Հունվարից տարածաշրջանային ապաշրջափակման բանակցություններ կան, որտեղ նույնպես գերիների վերադարձի հարց ամրագրված չէ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ

«Գերիների հետվերադարձի կամ նույն Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զորքերի դուրս բերելու հետ կապված՝ այդ հարցը տարբեր պաշտոնյաներ հնչեցնում են, դրա անհրաժեշտության մասին խոսում են, բայց պաշտոնապես որպես նախապայման Ադրբեջանին ես երբևէ չեմ տեսել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

«Ես հիշում եմ այն օրերը, երբ ադրբեջանական զորքերը նոր էին մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, և տարբեր պաշտոնյաներ խոսում էին ժամանակ տալու, հարցի կարգավորելու մասին, բայց մայիս ամսից արդեն իրավիճակը որևէ ձևով չի տարբերվում, ավելին՝ ադրբեջանական զորքերը տեղում դիրքավորվում են», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե կնճռոտ հարցերը կլուծվեն. – «Ասում են՝ սկսել, որովհետև փորձում են դրա տակ քողարկել և՛ Սոթք-Խոզնավարում ստեղծված իրավիճակը, և՛ Գորիս-Կապան ճանապարհին։ Փորձում են տպավորություն ստեղծել, թե դեմարկացիայի գործընթացով բոլոր կնճռոտ հարցերը արագ լուծվելու են։ Իսկ իրականում դրանցով այդ խնդիրները երբեք չեն լուծվի։ Վերջին երեք տարվա ընթացքում այն բանակցությունները, որոնք վարել են այս իշխանությունները, մենք գիտենք՝ ինչի են հանգեցրել և ինչ ողբերգական հետևանքներ են դրանք ունեցել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG