Սահմանամերձ Երասխը երեկվանից լրահոսում է հայտնվել այստեղ բարձրացված Հայաստանում ամենամեծ եռագույնի պատճառով` 12 մետր երկարություն, 6 մետր լայնություն՝ 35 մետր բարձրության վրա: Ադրբեջանին սահմանակից գյուղը մինչ այս լրահոսում սահմանային լարվածության պատճառով էր հայտնվել: Այստեղ հիմա էլ խաղաղ չէ: Չնայած բազմաթիվ խնդիրներին` բնակիչների համար առաջնայինն անվտանգության հարցն է:
70-ամյա Հենրիկ Զեյնալյանը անհանգստությամբ էր եկել` մասնակցելու Հայաստանի ամենամեծ դրոշի բարձրացման միջոցառմանը։ Մտահոգության պատճառը շատ մոտ գտնվող ադրբեջանական դիրքերն են. սահմանին ոչ միշտ է խաղաղ, հանկարծ կրակոցներ չսկսվեն: Վերջին ամիսներին օր չկա, որ կրակոցի ձայն չլսվի։ Գյուղում անգամ հստակ ժամերն են ֆիքսել։
«Նախիրը դաշտից գալիս ա, կրակոցն էդ ժամին սկսում ա», - ասում է նա:
70-ամյա տղամարդուն ամեն դեպքում ուրախացրել է Երասխում կանգնեցված ամենամեծ դրոշը. «Շատ լավ զգացողություն ունենք, էս դրոշը մեծ նշան ունի ժողովրդի համար, որ սարսափը կտրում է էլի իրենց»:
Հենրիկ Զեյնալյանի կնոջն անկախության 30-ամյակին նվիրված եռագույնը չի հետաքրքրում։ Առօրյա խնդիրները թույլ չեն տալիս՝ գրեթե բոլոր կողմերից ադրբեջանական դիրքերն են, կրակոցների ձայների պակաս էլ չկա, իսկ տանը երեխաներ կան։ Երեկոյան 5-ից երեխաների բակ չեն թողնում դուրս գալ, գիշերն էլ տան դռներն են կողպում. «Ուզում են դրոշ դնել, ուզում են՝ ինչ ուզում են` դնեն, մեզ համար օգուտ չկա: Մենք ապրում ենք սահմանի բերան, ամեն րոպե վտանգը կախված ա մեզ վրա:
Շատ մոտիկ է, նրանք որ ուզենան, գիշերը կմտնեն, ամեն օր կրակոցները կան, մենք ահով, դողով ապրում ենք, գիշերը օր է լինում, որ շոր չենք հանում»:
Զաբելա Զեյնալյանն ասում է՝ ամենամեծ դրոշը բարձրացնելու փոխարեն գյուղում բազմաթիվ այլ հարցեր կարելի էր լուծել` սոցիալականից մինչ անվտանգային։ 67-ամյա կնոջ խոսքով՝ այսքան ժամանակ իրենք անգամ չգիտեն, թե գյուղի ապաստարանները որտեղ են, ու կա՞ն արդյոք դրանք։ Հիմա միակ սփոփանքն այն է, որ կրակոցներն անմիջապես գյուղին ուղղված չեն։
«Ապրում ենք էլի, բայց դե որ գյուղի վրա կրակեցին, պիտի էլած-չէղածը թողնենք ու փախնենք», - նկատում է կինը:
Գյուղում հայտնված նոր եռագույնը գյուղացիների կարծիքները կիսել է:
Նախաձեռնությունը Արարատի նախկին մարզպետ, հիմա արդեն Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է: Պաշտոնյան ասում է՝ գաղափարը դեռ անցած տարի էր ցանկանում իրականացնել, պատերազմը խանգարեց։
«Այս միջոցառումը մենք մեր կողմից, նախաձեռնության մասնակից մեր ընկերների կողմից նվիրում ենք մեր 30-ամյա հանրապետության անկախության, ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին», - նշում է Սարգսյանը:
Բյուջեից գումար չի հատկացվել: Գարիկ Սարգսյանի խոսքով՝ գումարն իր ընկերները, գործարարներ ու այլ քաղաքացիներ են տվել, թե մասնավորապես ովքեր ու որքան գումար է ծախսվել դրոշի, դրա սյան կառուցման համար, չի հայտնում։ Ասում է՝ դա չէ կարևորը։
Թե ի՞նչն է կարևոր, ու ի՞նչ է տալու Երասխին Հայաստանում ամենամեծ եռագույնը, 67-ամյա Զաբելային է հետարքրքում: Նա վստահ է՝ դրանով համենայն դեպս անվտանգության հարց չի լուծվում. «Եթե դրոշից թուրքերը վախենան, կարող ա չկրակեն», - նկատում է նա: