Հայաստանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը։ Նա Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Խովաևի այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ:
Փաշինյանն ու Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Այսօր ավելի վաղ Խովաևը հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արտգործնախարարությունը փոխանցում է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:
Արարատ Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Պատերազմի մեկնարկից մոտ մեկ տարի անց Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները չեն վերսկվել։ Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հարցը արդեն անցյալում է։
Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաև գերիների հարցից, ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտգործնախարարի հետ։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ռուսաստանցի համանախագահի այցելությունը միտված է ընդգծելու, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանն է խաղի կանոնները թելադրում. - «Հետաքրքիր է ինձ համար, կհանդիպի՞ էդ համանախագահողը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։ Ես չեմ ասում՝ կմեկնի՞ Ստեփանակերտ թե ոչ, բայց կհանդիպի՞ ստեղ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Դա շատ կարևոր է։ Նայենք ոնց ա, ինչ ա, ու դրանից հետո կանենք եզրակացություններ»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծիք է հայտնում, որ սա ընդամենը նոր համանախագահի կողմից ճանաչողական այց է. - «Մի քանի օր առաջ Մոսկվայում եղել ա Լավրով – Միրզոյան հանդիպում, և էս իմաստով չեմ կարծում, որ դրանից հետո եթե կա ինչ-որ լուրջ քննարկելու հարց, դա արվում ա նոր համանախագահի միջոցով»։
Ուշագրավ է, որ օրերս սկանդալ էր տեղի ունեցել, երբ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով բողոք է հղել Ռուսաստանին՝ գնումների միասնական հարթակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար։ Լեյլա Աբդուլաևան նշել էր, որ նման ձևակերպումը չի համապատասխանում կողմերի բարեկամական և գործընկերային հարաբերություններին, իսկ մյուս կողմը, ըստ Աբդուլաևայի, նշել է, որ դա տեխնիկական խնդիր է, և կարվեն քայլեր խնդիրը վերացնելու և նման հարցերի վերաբերյալ առաջիկայում ավելի ուշադիր լինելու ուղղությամբ։
Ռուսական կողմը մինչև օրս որևէ մեկնաբանություն չի տվել, բայց ուշագրավ է, որ Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգում տեղադրված այդ մրցույթն արդեն կասեցված է։
Հակոբ Բադալյանը հիշեցնում է, որ նման մի սկանդալ էլ ծագել էր 2016-ի արդբեջանական դիվերսիայից հետո, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր հայտարարության մեջ նշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը։ Հայտարարությունն այդ ժամանակ էլ Ադրբեջանի բարձրացրած աղմուկից հետո հեռացվեց կայքից։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով, էական չէ, թե Ռուսաստանը միտումնավո՞ր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն տերմինը, թե՞ ոչ։ Ադրբեջանը մտահոգված է, և մտահոգությունն ավելի խորն է. որ Ռուսաստանը կարող է Արցախում ռազմական ներկայության հարցը լեգիտիմացնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ պայմանավորվածությամբ՝ շրջանցելով Արդբեջանին։
«Ադրբեջանը մտահոգ է այն առումով, որ Ռուսաստանը իր խաղաղապահների խնդիրը, դրանց քաղաքական լեգիտիմացման խնդիրը լուծում է ոչ թե Բաքվի հետ, այլ Մինսկի խմբի մյուս համանախագահների և որոշակիորեն նաև Թուրքիայի հետ։ Եթե ես խոսում եմ Ալիևի մտահոգությունների մասին, դա չի նշանակում, որ մեր մտահոգությունները դրանից նվազում են։ Եվ հակառակը. էսպիսի լուրջ մտավախություններով Ալիևը կարող է, բնականաբար, շատ ավելի վտանգավոր դառնալ Հայաստանի համար։ Որովհետև համանախագահների հետ խնդիր ունեցող Ալիևը չի կարող նրանց ցավեցնել, այլ Ռուսաստանի հետ խնդիր ունեցող Ալիևը թույլ օղակ կարող է դիտարկել Հայաստանին և փորձել Հայաստանը դարձնել շանտաժի միջոց՝ ավելի լայն իր խնդիրները լուծելու համար», - նշեց Բադալյանը։
Ստեփան Գրիգորյանը կարծում է, թե Ռուսաստանը պատահաբար չի գործածել Լեռնայն Ղարաբաղի Հանրապետություն տերմինը. - «Դա նշանակում ա, որ ինչ-որ մանր-մունր հարցերում ադրբեջանցիք չեն համաձայնվում ռուսների հետ։ Ես չեմ բացառում, որ մի շաբաթ հետո էլ մի տեղ հայտնվի ռուսական կայքերում, նաև պաշտոնական, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ռուսաստանը, պարզ է, Ադրբեջանի օրակարգերը իրականացնում է, բայց Ադրբեջանը երբ որ շատ ա լկտիանում, իրանք իրանց հարվածում են»։