Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավ»-ի իրագործումը կոմունիկացիաների վերաբացման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի․ վերլուծաբան


«Հյուսիս-հարավ» ծրագրի իրագործումը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ալիք Մեդիայի» հոդվածագիր, հետազոտող Աննա Դավթյան-Գևորգյանը՝ նշելով՝ հենց այս կարևոր մեսիջն էր վարչապետի վրաստանյան այցի օրակարգում։

Միևնույն ժամանակ, ըստ Գևորգյանի, Վրաստանում գործադիրի անդամները վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորության մասին Հայաստանի դիրքորոշումը։

«Ազատություն»․ - Տիկին Գևորգյան, Հայաստանի վարչապետի այցը Վրաստան առաջինն էր Հայաստանի վերջին ընտրություններից հետո, նաև՝ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք երկու վարչապետերի միջև նոր մեսիջներ փոխանակվեցին, քանի որ տարածաշրջանում հիմա իրավիճակն այլ է։

Գևորգյան․ - Իրականում Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունների կարևորումը կառավարության նախկին ծրագրում էլ որպես առաջնահերթություն էր նշված, բայց դժվար էր առանձնացնել որոշակի կոնկրետ խնդիրներ, ուղերձներ, որոնք որ բարձրաձայնվում էին հանդիպումների ժամանակ։ Այս անգամ, իսկապես, հաշվի առնելով և՛ տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը, և՛ այն օդում կախված մարտահրավերները տարածաշրջանի համար, որ դեռևս կան ու գոյություն ունեն, կարծես դրդել են, որ երկու երկրների առաջնորդներն էլ շատ ավելի կոնկրետ, գործուն քայլերի մասին խոսեն, և հատկապես կարևոր էր, որ ընդգծվեց այն հանգամանքը, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի իրագործումը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի։ Երբ խոսվում է տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացման, կամ բացման մասին, սա ադրբեջանաթուրքական կողմի համար առաջին հերթին նշանակում է իրենց միջև ցամաքային կապի ապահովումը և Արևելքը Արևմուտքի հետ կապելը։ Որպես հակակշիռ, «Հյուսիս-հարավ» ծրագիրը շատ կարևոր նախագիծ է, որի իրագործման մեջ շահագրգռված են տարածաշրջանի մի շարք երկրներ, այդ թվում՝ մեր այս փոքր տարածաշրջանից դուրս՝ հաշվի առնելով, որ այդ ծրագրի իրագործումը մաս կարող է կազմել նաև Պարսից ծոց-Սև ծով այդ կոմունիկացիայի համար, նկատի ունեմ Հունաստանին և Բուլղարիային։

«Ազատություն»․ - Իսկ որո՞նք կհամարեք այն գլխավոր ուղերձները, որոնք այս այցի ընթացքում հղեց Հայաստանի վարչապետը և կառավարության մյուս ներկայացուցիչները։

Գևորգյան․ - Հայաստանի կառավարության ներկայացուցիչների ուղերձները կարծես խոսում են այն մասին, որ իրենք շահագրգիռ են էդ նոր ուղղությունը, այն է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը, էդ ուղղությունը պահել որպես առանցք՝ Հայաստանի արտաքին քաղաքականության։ Պատահական չէ, որ Վրաստան մեկնելուց առաջ, կառավարության նիստում, բարձրաձայնվեց այն մասին, որ Հայաստանը պատրաստ է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին, Վրաստանն էլ ողջունեց առաջարկներն ու ուղերձները և իր հերթին ասաց, որ իրենց համար նույնպես դրանք առանցքային նշանակություն ունեցող հարցեր են։

«Ազատություն»․ - Տիկին Գևորգյան, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մի պարագայում Հայաստանը, մյուս պարագայում Վրաստանը, բավարար կշիռ ունե՞ն հանդես գալու միջնորդի կարգավիճակում՝ առաջին պարգայում ռուս-վրացական, երկրորդ պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

Գևորգյան․ - Նախ պետք է նշեմ, որ երկու երկրներն էլ այդ դերակատարումը ստանձնելու պարտականություն հայտնել են նաև նախկինում։ Ինչ վերաբերվում է նրան, թե ի՞նչ հնարավորություններ ունեն, այստեղ նույնպես ցավալիորեն, բայց պետք է ընդունել այն փաստը, որ եթե այդ հարցերի կարգավորումը լինի նաև գերտերությունների օրակարգում, ապա, այո՛, Հայաստանին և Վրաստանին, էսպես ասած, էդ հնարավորությունը կընձեռվի՝ լինելու որպես միջնորդ միմյանց հակամարտությունների կարգավորման մեջ գործուն քայլեր ձեռնարկելու տեսանկյունից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG