Մատչելիության հղումներ

Կիևն ու Վաշինգտոնը դեմ են «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը․ Բայդենն ու Զելենսկին համատեղ հայտարարություն են ընդունել


Կիևը և Վաշինգտոնը շարունակում են դեմ լինել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը՝ այն դիտարկելով որպես սպառնալիք եվրոպական էներգետիկ անվտանգության համար: Այս մասին ասված է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:

Երկու տարի պատրաստվող հանդիպմանը Զելենսկին և Բայդենը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ էներգետիկ քաղաքականությունը և տնտեսական համագործակցությունը:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանի ագրեսիան, ներառյալ հակամարտությունները Դոնբասում և Ղրիմի բռնակցումը, խլել են ավելի քան 14 հազար ուկրաինացու կյանք, ապակայունացրել են Եվրոպան և Սևծովյան տարածաշրջանը:

Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Ուկրաինայի արևելքում հակամարտությանը և ասում է, որ Ղրիմի պատկանելիության հարցը փակված է:

Բայդենի և Զելենսկու բանակցությունների ընթացքում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային 463 մլն դոլար կհատկացնի 2021 թվականին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ապակենտրոնացմանն աջակցող ծրագրերին, ինչպես նաև մոտ 60 մլն դոլար՝ անվտանգության ապահովման համար։

Ըստ հայտարարության, սա կօգնի Ուկրաինային «առավել արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից»։

XS
SM
MD
LG