Մատչելիության հղումներ

Համաճարակային իրավիճակը Հայաստանում գնալով ծանրանում է ու լարվում, ահազանգում են ոլորտի մասնագետները


Համաճարակային իրավիճակը գնալով ծանրանում է, «շտապ օգնության խմբերն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ», ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Ըստ փոխնախարարի՝ քովիդով վարակված շուրջ 700 մարդ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53 մարդ էլ շնչում է թոքերի արհեստական օդափոխության սարքի օգնությամբ։

Քովիդով հիվանդներին սպասարկող խոշոր բուժկենտրոններից մեկը Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն է, բժիշկներն այստեղ աշխատում են գերլարված: Հիվանդանոցի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանն ասաց՝ անգամ քովիդի թեթև վիճակով իրենց մոտ ընդունվածների վիճակն արագ ծանրանում է, և չեն կարողանում շնչել առանց սարքի, վերակենդանացման բաժանմունքում էլ ըստ փոխտնօրենի՝ գրեթե բոլորը 60 տարեկանից ցածր են. «Շատ դժվար է աշխատել, ամսի 30-ի դրությամբ մեր ռեանիմացիայում ընդամենը մեկ 72 տարեկան պացիենտ կար, մյուսները 60-ից ցածր էին: Սա խոսում է ծանր երիտասարդ դեպքերի մասին, և այո, իրավիճակը լարված է և դառնում է մտահոգիչ»:

Երկրում 14 հիվանդանոց մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է որպես քովիդ կենտրոններ։ Հատկացված 1798 մահճակալներից 1563-ը, այսինքն՝ 87 տոկոսն արդեն զբաղված է, տեղեկացնում է առողջապահության փոխնախարարը։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրենը նույնպես մտահոգված է՝ ռեանիմացիայում ընդամենը 2 ազատ մահճակալ ունեն, այն էլ միայն այս պահի դրությամբ. «Այդ պահին մեր հիվանդանոցում մենք ունենք 3 սոմատիկ պացիենտի տեղ և 2 ռեանիմացիոն պացիենտի տեղ, սակայն դա գուցե լինի ժամի խնդիր, որովհետև տեղերն ազատվելուն պես պացիենետները նորից ընդունվում են: Յուրաքանչյուր բժիշկ, քովիդի հետ աշխատելով, արդեն իրեն ուղղված զանգերից է սկսում վիճակի ծանրացումը: Մեզ ուղղված զանգերը` ծանոթ, հարազատ, բարեկամ, հիվանդանոցներ սկսել են կրկին շատանալ, և այդ յուրաքանչյուր զանգի տակ մի դեպք է, որ գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր»:

Ու թեև փակ տարածքներում դիմակ կրելը դեռ պարտադիր է, այդուհանդերձ «Ազատության» տեսախցիկն արձանագրեց, որ հատկապես գերծանրաբեռնված հանրային տրանսպորտում հատուկենտ մարդիկ են դիմակ կրում, վերահսկողություն էլ չկա։

Պատկերը նույնն էր նաև խանութներում, թեև բոլորի ապակիներին փակցված է «մուտքը միայն դիմակով» գրությունը։ Այդուհանդերձ հաճախորդներից զատ, երբեմն նաև վաճառողներն էին առանց դիմակի։

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 615-ով, բուժվածներինը՝ 267-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք։ Բնակչության 9,24 տոկոսն արդեն ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, 5,14 տոկոսը՝ երկրորդը։ Օրերս Հայաստան ներկրվեց ևս 15 հազար դեղաչափ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութ, այն հասանելի կլինի միայն նրանց համար, որոնք առաջին դեղաչափը ստացել են և պատրաստվում են երկրորդին։ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար առայժմ հասանելի են բրիտանաշվեդական «Ասրտազենեկան» և չինական «Սինոֆարմը»։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ աշնանը Հայաստանում կլինեն նաև արդեն «Փֆայզեր», «Ջոնսոն ընդ Ջոնսոն» և «Նովավաքս» պատվաստանյութերը։

XS
SM
MD
LG