Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ փոխնախարար. Անկախ դասարանում երեխաների թվից` գործելու է ամենօրյա դասապրոցես


Տարին սկսում ենք առկա ուսուցմամբ` ապահովելով ամենօրյա առկա ուսուցում բոլոր դասարանների համար և պահպանելով բոլոր կանոնները: Այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց նաև` մարդկային կուտակումներ չառաջացնելու նպատակով դպրոցները առաջին դասարանցիների մուտքը կազմակերպում են մեկ օր շուտ: Փոխնախարարը հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները` կրել դիմակներ, ախտահանել, օդափոխել և այլն:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Առաջին դասարանցիները` վաղվանից

Տարին սկսում ենք առկա ուսուցմամբ` ապահովելով ամենօրյա առկա ուսուցում բոլոր դասարանների համար և պահպանելով բոլոր կանոնները, այսօր հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մարդկային կուտակումներ չառաջացնելու նպատակով դպրոցները առաջին դասարանցիների մուտքը կազմակերպում են մեկ օր շուտ», - ասաց նա` հավելելով, որ նախարարի հրամանով սահմանված է դիմակների կրումը, օդափոխությունը և մնացած բոլոր կանոնների պահպանումը:

Ինչ վերաբերում է ճաշարանների գործել-չգործելուն, ապա նա ասաց, որ դեռ նախորդ փետրվարից սննդի կետերի գործունեությունը թույլատրվել է, տեղում սնվելը չէր թույլատրվում, հիմա Առողջապահության նախարարության հետ քննարկվում է տարբերակ, որպեսզի տարրական դասարանների համար գործեն նաև ճաշարանները սնվելու համար:

Պատվաստումը Հայաստանում կամավոր է, հիշեցնում է Անդրեասյանը

Պատասխանելով հարցին, թե ուսուցիչների, դասախոսների քանի՞ տոկոսն է պատվաստվել առայսօր, Անդրեասյանը նշեց, որ տվյալները ԱՆ-ն ունի, սակայն հավելեց. «Որոշ մարզերում մարզային պատասխանատուները հնչեցրին բավականին զգալի տվյալներ, օրինակ` Լոռիում ուսուցիչների 30 և ավելի տոկոսը պատվաստվել են»:

Իսկ ինչո՞ւ պետք է 14 օրը մեկ թեստ հանձնեն ուսուցիչները, առանց այն էլ ցածր աշխատավարձ են ստանում, մի՞թե դա պատվաստվելու հարկադրանք չէ, հետաքրքրվել էին մի խումբ օգտատերեր:

«Այս կարգավորումը վերաբերում է ամբողջ երկրին, բոլորս պետք է հասկանանք, որ ստեղծված իրավիճակում պետք է գտնենք համավարակի հետ ապրելու հնարավորությունները: Մի քանի տարբերակ է առաջարկվում, ոչ ոք չի դրվում երկընտրանքի առաջ», - ի պատասխան նշեց նա` հավելելով, որ նմանատիպ կարգավորումներ գործում են բոլոր երկրներում, նույնիսկ որոշներում` ավելի խիստ: Նա ևս մեկ անգամ շեշտեց` պատվաստումը Հայաստանում կամավոր է, և եթե կան դեպքեր, որ ինչ-որ մեկը ստիպում է, կարող են դիմել ՄԻՊ-ին:

Կրթական ոլորտում կանոնների պահպանումը շատ կարևոր է, որովհետև եթե դպրոցում վարակը տարածվում է, դասապրոցեսը ընդհատվում է, և երեխաները չեն կարողանում նորմալ կրթություն ստանալ, նշեց Ժաննա Անդրեասյանը:

«Սեպտեմբերի 1-ից գնում ենք ամենօրյա դասապրոցեսի առկա ձևաչափով»

Պատասխանելով մի շարք օգտատերերի հարցերին` փոխնախարարը ևս մեկ անգամ տեղեկացրեց. «Սեպտեմբերի 1-ից գնում ենք ամենօրյա դասապրոցեսի առկա ձևաչափով: Իհարկե, գործում է այն կանոնը, որ եթե դպրոցում ունենք 10 տոկոս և ավելի դեպքեր, անցնում ենք հեռավար ուսուցման տվյալ դպրոցի համար: Բայց ես հույս ունեմ, որ դպրոցները կպահպանեն կանոնները, և այդ խնդիրներին չենք բախվի»:

«Դասարաններում անկախ երեխաների թվից` 20-ն են, 30-ն են, թե քանիսն են, իրականացնում ենք ամենօրյա դասապրոցես, ամեն օր գնում են դպրոց», - հայտարարեց բանախոսը:

«Ոչ ոք չի տարել կառավարման խորհուրդները գերկենտրոնացման»

Հարցին, թե դպրոցների կառավարման խորհուրդներն ինչո՞ւ տարան միավորման ճանապարհով, Անդրեասյանը պատասխանեց. «Ոչ ոք չի տարել խորհուրդները գերկենտրոնացման, խոսքը խորհուրդների ձևավորման կարգի փոփոխության մասին է, դրանով փոքր համայնքներում հնարավորություն տվեցինք, որ երեք հաստատության համար ձևավորվի մեկ խորհուրդ: Առաջին խնդիրը, որին բախվում էինք, շահերի բախման խնդիրները հաճախակի էին առաջանում, փորձում ենք խթանել համայնքների մեջ համագործակցությունը»:


Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG