Չնայած ներքին ու արտաքին սադրանքներին՝ Հայաստանը չպետք է շեղվի իր ռազմավարական գծից, որն է` բոլոր միջոցները ձեռնարկելով պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և առաջ գնալ խաղաղության օրակարգով, այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ մենք առաջ ենք գնում խաղաղության օրակարգով: Այո, մենք հստակ պետք է արձանագրենք, որ մենք մեր զինված ուժերը բարեփոխում ենք ոչ թե տարածքներ նվաճելու, այլ ինչպես խաղաղասեր ցանկացած պետություն, իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Մենք ագրեսիվ մտադրություններ չունենք մեր տարածաշրջանի որևէ պետության հանդեպ, և մենք սա հստակ պետք է արձանագրենք», - հայտարարեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի, այդ թվում՝ Ազգային ժողովի դահլիճում ներկա որոշ ուժերի կողմից փորձ էր արվել տպավորություն ստեղծել, թե սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող օրակարգ է, մինչդեռ երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է և շահագրգռված է գնալ այդ գործընթացին, Ադրբեջանի արձագանքը չուշացավ։
«Չե՞ք նկատել, որ այլևս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, ընդհակառակը՝ փորձ է արվում այդ օրակարգից դուրս բերել այդ հարցը: Մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներն այսօր ավելին են, քան կարելի է այս ամբիոնից ասել, և 2018 թվականից է այդպես եղել», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի առջև եղած մարտահրավերները ներքին չեն, այլ արտաքին են, ամփոփեց Փաշինյանը՝ որպես գլխավոր նպատակներ նշելով կայուն զարգացումն ու Հայաստանի և Արցախի անվտանգությունը։
«Մենք չունենք ոչ մի ներքին մարտահրավեր, մեր բոլոր մարտահրավերները արտաքին են, և այս օրակարգի տրամաբանությամբ պետք է ապահովենք Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ», - ասաց վարչապետը:
«Խոսել ենք ներքաղաքական ճգնաժամի, բայց ոչ ներքին խնդիրների մասին», - ավելացրերց Փաշինյանը՝ ասելով, - «Այն մարդիկ, ովքեր վիճարկում են ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին ինչպես ճիշտ նկատվեց, փորձել են ներքաղաքական գրոհ կազմակերպել: Այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել կազմակերպել նոյեմբերի 10-ին»:
Հայաստանի վարչապետը չշրջանցեց նաև խորհրդարանի ընդդիմադիրների որոշ հայտարարություններ, սակայն կոնկրետ երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին չանդրադարձավ, չդատապարտեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» որոշ պատգամավորների հաձակումներն ընդդիմադիր գործընկերների վրա։ Հիշեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունը խորհրդարան մտնելու կապակցությամբ, երբ նա Ազգային ժողովի աթոռները համեմատել էր խրամատների հետ՝ նշելով, որ եթե գրավել ես խրամատներ, բայց չես լուծել խնդիրը, պետք է խրամատները զբաղեցնես ու ամրացնես մինչև հաջորդ գրոհը:
«Բանախոսներից մեկի այլաբանությամբ երբ որ ստանում ենք քաղաքական հակահարվածներ, պետք է հասկանան, որ գրոհի երազանքն իրենց մտքերից պետք է դուրս բերեն», - ընդգծեց Փաշինյանը:
Մինչև կառավարության ծրագրի քվեարկությունը, որին մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և ընդունեց այն 70 ձայնով, ելույթներ ունեցան նաև խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարները՝ Հայկ Կոնջորյանը, Սեյրան Օհանյանը և Արթուր Վանեցյանը, վերջինս վարչապետին հարց ուղղեց՝ Սյունիքը այս պահին կտրվա՞ծ է Հայաստանի մյուս մարզերից։
«Երեկ, առաջի օրը, ունենում ենք ինչ-որ բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ, մեր թշնամի երկիրը փակել է մի միջպետական ճանապարհ, և մինչև այս պահը մենք տեղյակ չենք արդյոք Սյունիքը կտրվա՞ծ է Հայաստանի Հանրապետության մնացած մարզերից, թե՞ ոչ», - հայտարարեց Վանեցյանը:
Փաշինյանն արձագանքեց Վանեցյանին, նախ խոսեց երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, ապա կրկին հիշեցրեց, որ Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս եղած ու այսօր վիճելի համարվող տարածքները վիճելի են եղել նախկին բոլոր իշխանությունների օրոք։
«99 թվականի փաստաթղթեր եմ կարդացել, որտեղ այս ամեն ինչը եղել է, բա որ դուք «Հյուսիս-հարավ»-ի նախագիծը կազմում էիք, ինչի՞ «Հյուսիս-հարավ» ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այն նախագծված է այնպես, որ պետք է թունելներ կառուցվեն, որը նախագիծը ինչ-որ մի տոկոսով թանգացնում է շատ՝ և՛ տեխնիկապես, և՛ ֆինանսապես: Բա ինչի՞ չեք տարել նախագծել այդ կողմով, մենք ենք վիճարկելի դարձրե՞լ, ոչ», - ընդգծեց Փաշինյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ ներողություն խնդրեցին երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ Ապա անդրադարձավ իր կողմից ջրի շիշը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ նետելուն:
«Դուք ուզում եք ի՞նչ է, դրա համար ես ծափահարե՞մ, այդ վիրավորանքների, «արա»-ով խոսելու, ի վերջո մենք կարող ենք նաև նույն Հայկ Սարգսյանի հետ զրուցել առանձին և հասկանալ, և այս ամեն ինչը այս տեսարանի վերածելը ոչ թե հատուկ խփելու մտադրություն է ունեցել, այլ վրդովմունքի մտադրություն է ունեցել և ոչ թե, եթե զենք լիներ, զենք կիրառելու», - ասաց Օհանյանը: