Ռուսաստանի իշխանություններն ամենայն հավանականությամբ կարգելեն «օտարերկրյա գործակալ» ճանաչված բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել սեպտեմբերի 19-ին կայանալիք ընտրությունները։
«Дождь» հեռուստաալիքը և մի շարք այլ լրատվամիջոցներ «օտարերկրյա գործակալներ» են ճանաչվել, ինչը կարող է թույլ չտալ այդ լրատվամիջոցների լրագրողներին լուսաբանել կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Նոր օրենքով այդ լրատվամիջոցները «իրավունք չունեն իրականացնելու թեկնածուների առաջադրմանը և ընտրությանը նպաստող կամ խոչընդոտող գործունեություն», ինչպես նաև ընտրություններին մասնակցել «այլ ձևերով»:
Կկարողանա արդյոք «Дождь» հեռուստաընկերությունը լուսաբանել ընտրությունները, կորոշի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Փորձագետները, սակայն, համարում են, որ «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցներին նման հնարավորություն չեն տա։
«Дождь» հեռուստաալիքն ընդգրկվել է արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող լրատվամիջոցների ցանկում օգոստոսի 20-ին։ Այժմ այդ ցանկում կա 17 կազմակերպություն և 26 քաղաքացի, այդ թվում՝ հայտնի լրատվամիջոցներ և լրագրողներ։
Ռուսաստանցի անկախ փորձագետներն ու լրագրողները համարում են, որ այս ձևով Ռուսաստանի իշխանությունները փորձում են ընտրություններից հեռու պահել թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իշխանությունները քննադատող լրատվամիջոցներին։
Ի դեպ, արտասահմանյան գործակալ է ճանաչվել նաև «Голос» իրավապաշտպան կազմակերպությունը, որը տարիներ շարունակ հետևում էր Ռուսաստանում անցկացվող ընտրություններին և ֆիքսում խախտումները։ Իշխանությունները «Голос» կազմակերպությունն ընդգրկել են «օտարերկրյա գործակալների» ցանկում` նշելով նաև, թե կազմակերպության ֆինանսավորողների շարքում կա Հայաստանի քաղաքացի։
Գումարներ թոշակառուներին ու զինվորականներին
Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինն ընտրություններից առաջ հայտարարում է, որ բոլոր թոշակառուները երկրում կստանան 10 հազար ռուբլի, իսկ զինծառայողները` 15 հազար: Ընդ որում, Պուտինն ասել է` բոլորը հավասար գումար կստանան առանց հաշվի առնելու, թե ինչ կոչում ունեն. «Բոլորը հավասար պետք է լինեն, ինչպես բաղնիքում»: Փորձագետները սա քաղաքական որոշում են համարում։
Արդեն մի քանի շաբաթից կայանալիք Պետդումայի ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկն այն է, որ դաշնային ցուցակում չկա «Եդինայա Ռոսիա» կուսակցության դե յուրե ղեկավար, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Կուսակցության ցուցակի առաջին համարը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, երկրորդը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լուրջ ձայներ հավաքելու մեծ շանսեր ունի Կոմունիստական կուսակցությունը, որը վերջին շրջանում բավականին ակտիվ է քննադատում իշխանություններին, սակայն նրանց ամենահայտնի թեկնածու Պավել Գրուդինին ԿԸՀ-ն չի գրանցել:
Պետդումայի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն: Ընդդիմության ներկայացուցիչների զգալի մասը, այդ թվում ՝ կալանավայրում պատիժը կրող Ալեքսեյ Նավալնիի համախոհները, ընտրություններին չեն մասնակցելու, նրանք կա՛մ կալանավայրերում են, կա՛մ լքել են երկիրը։ Նախկին գումարման Դուման օրենք է ընդունել, որն արգելում է առաջադրվել նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապված են եղել Նավալնիի հետ։
ԵԱՀԿ-ն իր հերթին հրաժարվել է հետևել Պետդումայի ընտրություններին։ ԵԱՀԿ դիտորդները որոշել են սեպտեմբերին չմեկնել Ռուսաստան՝ վկայակոչելով Մոսկվայի կողմից հատկացված դիտարկման մասնակիցների ցածր քվոտան։