Մատչելիության հղումներ

Լրագրողների արհմիությունը պատրաստվում է Մոսկվայում հանրահավաք անցկացնել «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ


Ռուսաստան - Պիկետ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դիմաց, Մոսկվա, 21-ը օգոստոսի, 2021թ.
Ռուսաստան - Պիկետ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դիմաց, Մոսկվա, 21-ը օգոստոսի, 2021թ.

Լրագրողների արհմիությունը Մոսկվայի քաղաքապետարան ծանուցում է ներկայացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 4-ին Պուշկինի հրապարակում։

Լրագրողների արհմիության տարածած հայտարարության մեջ ասված է. «Լրատվամիջոցների «օտարերկրյա գործակալների» ցուցակում տասնյակ խմբագրությունների և մոտ երկու տասնյակ լրագրողների զանգվածային ընդգրկումից հետո մենք կարծում ենք, որ պետք է պաշտպանության համար դիմել քաղաքացիներին։ Մենք հավատում ենք, որ անկախ մամուլը, հեռուստատեսությունը և տեղեկատվության ազատ տարածումը հսկայական արժեք են Ռուսաստանում»:

Մոսկվայում գործում են սահմանափակումներ կորոնավիրուսային վարակի համաճարակի հետ կապված, և իշխանությունները, որպես կանոն, մերժում են զանգվածային միջոցառումների համաձայնեցումը:

Օգոստոսի 20-ին Արդարադատության նախարարությունը «Дождь» հեռուստաալիքը և Լատվիայում գրանցված «Կարևոր պատմություններ» հրատարակությունն ընդգրկել է արտասահմանյան գործակալ-լրատվամիջոցների ցուցակում: Օգոստոսի 21-ին Լուբյանկայում ձերբակալվել են լրատվամիջոցների պաշտպանությանն ուղղված միայնակ պիկետների մասնակիցները: Ավելի ուշ գրեթե բոլորն ազատ են արձակվել մինչև դատը:

Լրատվամիջոցների՝ «օտարերկրյա գործակալներ» ցուցակում ընդգրկված են երեք տասնյակ ֆիզիկական անձինք և խմբագրություններ, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ռուսալեզու մեդիակորպորացիայի 10 նախագծեր և չորս լրագրողներ, որոնք համագործակցում են «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ: Ավելի վաղ Ռուսաստանում փակվել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի գրասենյակներն ու շտաբները, նրա թիմակիցների մեծ մասը լքել է երկիրը։ Ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցած երիտասարդների մի մասին դատապարտել են անազատության։

Աննախադեպ պասիվ է այսօր արմատական ընդդիմությունը համացանցում։ Սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններից առաջ Ռուսաստանի անկախ մեդիադաշտը ևս պասիվություն է ցուցաբերում։

Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներն ասում է, որ այսօր Ռուսաստանում գրաքննություն չկա, ինչպես օրինակ Խորհրդային միությունում էր, սակայն կա իշխանություններին քննադատող լրատվամիջոցների այս կամ այն պատրվակով սահմանափակման ակնհայտ միտում։

Պոզները հավելում է, որ քանի դեռ Ռուսաստանում գործում է այս իշխանությունը, լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները շարունակվելու են, ինչն էլ իր հերթին մեծացնելու է իշխանության նկատմամբ անվստահությունը։

XS
SM
MD
LG