Մատչելիության հղումներ

Կա՛մ կլինի ապաշրջափակում Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների լիարժեք օգտագործմամբ, կա՛մ ոչինչ չի լինի․ Մհեր Գրիգորյան


ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Կա՛մ կլինի ապաշրջափակում Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների լիարժեք օգտագործմամբ, կա՛մ ոչինչ չի լինի, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետ, տարաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի անդամ Մհեր Գրիգորյանը։

«Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական կողմը հերքում է այսպես՝ միջանցք չկա, կա տարաշրջանային տրանսպորտային ապաշրջափակում։

Հարցին, թե արդյոք խնդիրը միայն տերմինն է, փոխվարչապետն արձագանքեց. - «Վստահեցրել եմ և վստահեցնում եմ․ եթե որևիցե մեկը միջանցք ասելով ենթադրում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, դա բացառված է։ Նման քննարկում չի լինելու և չի եղել»։

«Ազատության» հարցին, թե գործնականում որն է տարբերությունը տարածաշրջանային ապաշրջափակման և միջանցքի միջև փոխվարչապետն արձագանքեց․ - «Դա ընկալումների խնդիր ա, մարդ կա, որ դա զուտ համարում է որպես ուղղություն։ Մարդ կա, որ դա համարում է որպես նպատակ, մարդ կա, որ դա համարում է որպես սպեցիֆիկ ենթակառուցվածք․․․ Մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում ապաշրջափակման պարագայում․ կա՛մ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կա՛մ չի լինի»։

Հայաստանի փոխվարչապետը հստակեցրեց․ եռակողմ հանձնաժողովում կիրառում են հունվարի 11-ին ընդունված հայտարարության տերմինաբանությունը։ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների համատեղ այդ հայտարարությունը ենթադրում է, որ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը կկազմի նոյեմբերի 9-իհայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ։

Հանձնաժողովի աշխատանքը, ըստ Հայաստանի փոխվարչապետի, այս պահին դադարեցված է սահմանային լարվածության պատճառով, քանի որ այդ պայմաններում հնարավոր չէ արդյունավետ աշխատել․ - «Քննարկվող հարցերի շրջանակի պարագայում ես կարծում եմ, որ դա զուտ տերմինի խնդիր է և որևէ այլ բան ուղղակի չի կարող լինել։ Ուղղակի չի կարող լինել, որովհետև էդ աշխատանքային խմբի թե՛ մանդատը, թե՛ լիազորությունները մասնակիցների, թե՛ փորձագիտական աշխատանքի տրամաբանությունը ենթադրում ա հունվարի 11-ի հայտարարության շրջանակ։ Հնարավոր չի էդ շրջանակից դուրս գալ և քննարկել ինչ-որ այլ հարցեր․․․ Ոչ միայն հնարավոր չի, այլ չի լինի նման բան ուղղակի, չի կարող լինել»։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը հերքում, ասում է միջանցք չկա, միջանցքային տրամաբանություն չկա, Գրիգորյանն արձագանքեց․ - «Ես էլ եմ ասում, որ միջանցքային տրամաբանություն չկա։ Որովհետև տերմինի տակ կարող է ընկալումները այնպիսին լինեն, որ պարզվի, որ միջանցք ասելով, օրինակ, դուք ձեր հարցի մեջ ենթադրում եք մի իրավիճակ, որը մեր սուվերեն ենթակառուցվածքի ծանրաբեռնվածության խնդիր ա առաջացնում, որը բացառված է։ Էդ պարագայում մենք, այո, միշտ ասում ենք, որպեսզի թյուրընկալում չլինի։ Շատ դեպքերում մենք Հյուսիս-Հարավին էլ ենք միջանցք ասում, բայց տվյալ դեպքում, քանի որ հարցը զգայուն ա, ավելի հստակ պետք է արձանագրենք»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ «միջանցք» ասելով Ադրբեջանը ակնկալում է հատուկ կարգավիճակ Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով, բացարձակ պարտադիր չէ, որ դա ենթադրի Ադրբեջանի ռազմական ներկայացվածությունը, խոսքը հաղորդուղու նկատմամբ իրավունքի մասին է։

Բադալյանը չի բացառում, որ Ադրբեջանը այս հարցը օրակարգ բերելով պարզապես ցանկանում է շեղել ուշադրությունը Ղարաբաղի կարգավիճակի հարցից․ - «Մի հանգամանք էլ կա ադրբեջանական հայտարարությունների առումով, և կարծում եմ, ի թիվս այլ նկատառումների, Ալիևը շատ լավ հասկացել է, որ միջանցքի մասին այդօրինակ հայտարարությունները եղանակ են ստեղծում՝ վատ իմաստով իհարկե, Հայաստանի համար, բայց եղանակ են ստեղծում ներքաղաքական կյանքում։ Եվ այդ հայտարարություններով Ալիևը փորձում է նաև իր ազդեցությունը ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում»։

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը իր վերջին հանդիպումներին ավելի հաճախ է հիշեցնում 1999-ի փաստաթղթերի մասին, որոնք, նրա խոսքով, ենթադրում էին Մեղրի փոխանակում։

Վերլուծաբանը չի բացառում, որ Ադրբեջանը ներքին քննարկումներում հղում է անում այդ փաստաթղթերին և իր պահանջները փորձում է հիմնավորել դրանով։

Օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը կտրուկ հերքեց, որ Մեղրիի վերաբերյալ քննարկումներ կան։

«Չի եղել, չկա և չի լինելու միջանցքի վերաբերյալ քննարկում», - ասել էր Փաշինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG