Մատչելիության հղումներ

Վանաձորում ավագանու ընտրությունները տեղի կունենան համայնքի խոշորացումից հետո


Վանաձորում հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ չեն նշանակվել, քանի որ համայնքների, այդ թվում՝ Վանաձորի խոշորացման գործընթաց է տեղի ունենում, և կառավարությունում շրջանառվող նախագծերով հարակից մի քանի փոքր գյուղեր առաջիկայում կմիանան Վանաձորին։ Այս մասին «Ազատության»-ն ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

2016-ին Վանաձորում և Գյումրիում նույն օրն էին տեղի ունեցել համայնքապետի համամասնական ընտրակարգով ընտրությունները։ Երեկ Շիրակի մարզպետը որոշում է կայացրել հոկտեմբերի 17-ին Գյումրիում ընտրություններ նշանակելու մասին։ Մինչդեռ Վանաձորում ընտրություններն ավելի ուշ տեղի կունենան՝ խոշորացումից հետո։

Ավելի վաղ հայտնի էր, որ հոկտեմբերի 17-ին Լոռու երեք համայնքներում՝ Թումանյանում, Մարգահովիտում և Ֆիոլետովոյում ընտրություններ կլինեն, սակայն նախօրեին Լոռու մարզպետը չեղարկել է իր 10 օր առաջ կայացրած որոշումը Թումանյանի և Մարգահովիտի մասով։

Թումանյան համայնքը խոշորացել է դեռ 2016-ին։ Նրան են միացել Մոտկորի տարածաշրջանի Լորուտ, Աթան, Ահնիձոր, Քարինջ ու Մարց գյուղերը։ Թումանյանում այսօր ընտրողների թիվը չի անցնում 4000-ից։ Այս դեպքում ընտրությունները կանցկացվեն նախկինի նման մեծամասնական ընտրակարգով։ Բայց կառավարությունը, ըստ հրապարակած նախագծի, մտադրություն ունի Թումանյանին միացնել նաև հարակից Դսեղ, Ձորագետ և Չկալով գյուղերը։ Միավորման դեպքում արդեն ընտրողների թիվը կավելանա, և ընտրությունները կլինեն կուսակցական ցուցակներով, ինչպես տեղի են ունենում Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

Թումանյանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը կարծում է՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները հօգուտ համայնքների են, նաև գյուղական տարածքներում. «Վերցնենք իրավիճակ ընտրություններ, ես հավաքում եմ հազար ձայն, իսկ մյուսը հավաքում է 999 ձայն, ես ընտրվում եմ համայնքապետ, իսկ այնքան ձայն հավաքող մարդը 5 տարի պարզպես դուրս է մնում ՏԻՄ-երում աշխատանքից, իսկ այս դեպքում ինքը կունենա, օրինակ, 15 ավագանուց 7-ը, ես կունենամ 8-ը, ու ինքը կարա ակտիվ աշխատի: Իմ սուբյեկտիվ կարծիքով` համամասնականն ավելի լավ է, քան մեծամասնականը»:

Բայց մյուս կողմից գյուղերում դեռ կուսակցությանը ձայն չեն տա անգամ տարիներ հետո։ Այստեղ մարդիկ ընտրում են իրենց հարազատին, բարեկամին կամ մերձավորին։ Քիչ դեր ունի թեկնածուի կենսագրությունը, առավել ևս կուսակցության նախընտրական ծրագիրը, համոզված է Տիգրան Մխիթարյանը. «Ես ամեն դեպքում մտածում եմ, որ այս գյուղերում ավելի շատ ոչ թե կուսակցությամբ ընտրություն կկատարվի, այլ թեկնածուի` անհատի և ավագանու անդամներով, որովհետև դեռ մեզ մոտ անհատի ֆակտորը շատ ավելի կա»:

Թումանյանն արդեն մեկ տարի նաև ավագանի չունի։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանն ասաց դեռ 2019-ին հաստատված բյուջեով են առաջնորդվում։ Նոր ծրագրեր չեն անում։ Ստիպված են սպասել նոր ընտրություններին, որոնք հետաձգվել են անորոշ ժամանակով։ Տիգրան Մխիթարյանը պաշտոնավարում է այս տարեսկզբից. «Մենք օրենքով շարժվում ենք 2020 թվի բյուջեով ավագանու, իսկ երբեմն խնդիրներ առաջանում են, բնականաբար, որ ավագանու կարիք է լինում, այս կամ այն կերպ այդ հարցը լուծվում է, մինչև որ ավագանի կունենանք»:

Լոռու 10 համայնքներ ղեկավարներ չունեն

Այսօրվա դրությամբ Լոռու 10 համայնքներ ղեկավարներ չունեն։ Համայնքապետերը կա՛մ ժամկետից շուտ հրաժարական են ներկայացրել, կա՛մ լիազորություններն ավարտվել են, բայց ընտրությունները հետաձգվել են համավարակի ու ռազմական դրության պատճառով։ Ստեփանավանի համայնքապետն էլ անցած տարեվերջին մահացել է։ Այս 10 համայնքներում ղեկավարի պարտականությունները կատարում են մարզպետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարները։

Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանն «Ազատության»-ն ասաց, դեռ կուսակցությունում չեն քննարկել գյուղական համայնքների ղեկավարների թեկնածուների հարցը:

«Ես չեմ բացառում, որ այդ ժամանակավոր պաշտոնակատարները Ձեր նշած համայնքներում կլինեն մեր թեկնածուները, բայց քանի որ այս պահի դրությամբ դեռ որոշում չկա կուսակցության, ես չեմ կարող հիմա դրա մասին խոսել», - ասաց Խաչատրյանը։

Պաշտոնից հեռացած ու տեղը ժամանակավոր պաշտոնակատարներին զիջած մի քանի համայնքապետեր դեռ այս տարեսկզբին դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Տեղական ինքնակառավարման մասին օրենքի այն դրույթը, որը մարզպետներին հնարավորություն է տալիս ընտրությունները պարտադրաբար հետաձգելու դեպքում համայնքապետի պաշտոնակատար նշանակել։ Եթե երկրի ղեկավարի կամ ԱԺ -ի ընտրությունների դեպքում վարչապետն ու պատգամավորները կարող են շարունակել իրենց լիազորությունները, ինչո՞ւ նույն հնարավորությունը չի տրվում համայնքների ղեկավարներին ու ավագանուն, իրենց դիմումի մեջ պնդել են համայնքապետերը։

XS
SM
MD
LG