Ուղիղ երկու ամսից՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կանցկացվեն, որոշումն այսօր կայացրել է Շիրակի մարզպետը։ Ակնկալվում է, որ վաղն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների անցկացման մասին և կհրապարակի ժամնակացույցը:
Գյումրիում ավագանու ընտրությունները արդեն 2-րդ անգամ են անցկացվելու համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքապետն էլ կընտրվի ավագանու ցուցակից։ Սեպտեմբերի կեսերին կուսակցությունները ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն, իսկ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակից կսկսվի նախընտրական քարոզարշավը:
Նախորդ ընտրություններին 11 կուսակցություն ու դաշինք էր մասնակցում: Այս անգամ քաղաքական ուժերը կարծես չեն շտապում հայտարարել` մասնակցելու են Հայաստանի երկրորդ քաղաքի ընտրություններին, թե ոչ: Քաղաքապետի հավակնորդների անունները ևս դեռ չեն հանրայնացվում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է առաջիկա ընտրություններին, բայց թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն, դեռ վերջնական որոշում չկա: Ըստ լրատվամիջոցների՝ հնարավոր է, որ հենց գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ լինի իշխանության թեկնածուն: Մի քանի քաղաքական ուժերի հետ համագործակցության փորձ ունեցող Բալասանյանը արձակուրդում է, այսօր ասացին քաղաքապետարանից: Որևէ այլ մեկը նրա հնարավոր առաջադրման մասին հարցին չի պատասխանում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի հնարավոր թեկանածուների շարքում շրջանառվում է նաև գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը: Օրվա ընթացքում նրանից պարզաբանում ստանալ չհաջողվեց:
Իսկ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում ըստ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի` հարցը դեռ չեն քննարկել. «Այդ հարցերը քննարկման փուլում են, և երբ վերջնական որոշում չի ընդունվել, ես, իհարկե, ոչ կարող եմ, ոչ էլ կոռեկտ եմ համարում խոսել դրա մասին»:
«Պատիվ ունեմ» դաշինիքի մաս կազմող Հանրապետական կուսակցության ներկայանցուցիչ, ՀՀԿ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն «Ազատությանը» փոխանեց, որ այս պահին ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցության խորհրդի որոշում չունեն: ԲՀԿ ու ԼՀԿ տեղի կառույցներից ասացին, որ սպասում են իրենց կուսակցությունների որոշմանը:
«Ազգային արժեք» ակումբը «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժում են ձևավորել և ակումբի հիմնադիր անդամներից Վարդան Սրտաշյանը չհերքեց ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության մտադրության մասին. «Հավանաբար այո, կմասնակցենք, այդ մասնակցությունն էլ առանձնապես մեծ իրադարձություն չենք դիտում, ավելի շատ մեր Երևանի և մարզերի ընկերներն են անընդհատ հուշում մեզ, որ Հայաստանում կտրուկ փոփոխություններ անելու համար Երևանը կարծես փակվել է, և մարզերում եթե փոփոխություններ են պետք, հատկապես ազգային դաշտում, պետք է պրոցեսները տեղի ունենան Երևանից դուրս, հետևաբար ազգային դաշտի կոնսոլիդացման պարագայում փորձել ենք այդպիսի փորձեր անել: Մի շարք կուսակցություններ համաձայնել են իրենց կուսակցությունները որպես գործիք տրամադրել այս պրոցեսին, իհարկե, նրանք մեր գաղափարական ընկերներն են, բայց կուսակցությունները մենք օգտագործելու ենք ընդամենը որպես միջոց մեր քաղաքակրթական նպատակներին հասնելու համար»:
Վարդան Սրտաշյանից հետաքրքրվեցինք, թե իրենք բավականին ժամանակ է` գործում են ազգային արժեքների ակումբի շրջանակներում, բայց քաղաքական պրոցեսներին առաջին անգամ եմ մասնակցելու, դժվար չի՞ լինի մրցակցել քաղաքական հարուստ փորձ ունեցող կուսակցությունների հետ:
«Կուսակցությունները վաղուց մաշված գործիք են, և կուսակցություններին փոխարինելու են գալու նոր ֆորմատներ: Իմ ասածի տրամաբանությունը հենց դրանում է. մենք ոչ կուսակցություն ենք ներկայացնում, ոչ կուսակցական ենք, մենք ոչ հույս ենք կապում կուսակցական մեթոդներով երկրում փոփոխություններ կատարելու հետ: Նրանք որևէ իրական ազգային արժեք մեր երկրի պետականության վրա չունեն: Քաղաքականությունը պետք է տեղ գտնի քաղաքակրթական շարժման մեջ, քաղաքականությունը ընդամենը քաղաքակրթական գաղափարները կյանքի կոչելու տարբերակ է»:
Նոր մշակույթով մտնում են քաղաքականություն ու «սկսենք Գյումրիից» կարգախոսով: